Համարվում է, որ կանայք ավելի շատ ժամանակ են տրամադրում իրենց արտաքինին, քան տղամարդիկ, եւ տրամաբանական կլիներ ենթադրել, որ նրանք ավելի հաճախ են նայում հայելու մեջ՝ գոնե այն պատճառով, որ կոսմետիկա են օգտագործում: Սակայն Մեծ Բրիտանիայի հետազոտողները պնդում են` տղամարդիկ հայելու մեջ նայում են շատ ավելի հաճախ, քան կանայք:
Avaj բրենդի պատվերով սոցիոլոգները հարցում են անցկացրել Մառախլապատ Ալբիոնի հազար բնակիչների շրջանում՝ պարզելու համար, ինչքան ժամանակ են հայելու առջեւ անցկացնում երկու սեռի ներկայացուցիչները: Պարզվեց, որ տղամարդիկ հայելու մեջ են նայում միջինում օրը 23 անգամ, այնինչ կանայք անում են դա 16 անգամ:
Տղամարդկանցից շատերը խոստովանել են, որ հայելու մեջ են նայում իրենցով կամ իրենց մարմնի տարբեր մասերով հիանալու համար: Իսկ ահա կանայք հայելու մեջ են նայում, որպեսզի համոզվեն, որ նորմալ տեսք ունեն: Ընդ որում՝ կանայք հիմնականում նայում են իրենց մարմնի այն մասերին, որոնք կարող են նրանց մոտ բարդույթներ առաջացնել եւ, ի տարբերություն տղամարդկանց, շատ ավելի հազվադեպ են հիանում սեփական արտաքինով:
Միջինում տղամարդը հայելուն օրական 10 րոպե է տրամադրում, իսկ տարեկան՝ 6.5 օր: Հարցմանը մասնակցած տղամարդկանց 11 տոկոսը խոստովանել է, որ օրական 30 անգամ է նայում հայելու մեջ, իսկ 82 տոկոսը համաձայն է այն մտքի հետ, որ գեղեցիկ արտաքինը անչափ կարեւոր է տղամարդու համար: Մարմնի մասերից եւ հատվածներից ուշադրության կենտրոնում ավելի հաճախ գտնվում են ձեռքերը՝ 76 տոկոս, ոտքերը՝ 54 տոկոս, ժպիտը՝ 49 տոկոս, աչքերը՝ 43 տոկոս եւ մազերը՝ 38 տոկոս: Կանայք հիմնականում ուշադրություն են դարձնում դեմքին, ոտքերին, կրծքին եւ մազերին:






