Բնակարանում կատուների ու խավարասերների առկայությունը ավելի հավանական է դարձնում գլաուկոմայի զարգացումը, այնինչ շները կարող են կանխել այս հիվանդությունը, նշում են American Journal of Ophthalmology ամսագրում իրենց հետազոտության արդյունքները հրապարակած գիտնականները:
Գլաուկոմայով տառապող մարդկանց մոտ կարելի է իմունոգլոբուլին E-ի (IgE) մակարդակի բարձրացում նկատել: Վերջինս իրենից կատուների եւ խավարասերների նկատմամբ ալերգիայի արդյունքում ի հայտ եկած հակամարմիններ է ներկայացնում: Իմունոգլոբուլինի առկայությունը ոչ միշտ է խոսում ալերգիայի մասին, սակայն սովորաբար այն ի հայտ է գալիս իմունոլոգիական տարբեր հիվանդությունների դեպքում (ասթմա կամ ալերգիա), ինչը գիտնականներին հիմք է տալիս պնդելու, որ գլաուկոմայի եւ իմունային համակարգի միջեւ կապ գոյություն ունի:
University of California (Լոս Անջելես) գիտնականները 50-60 տարեկան 1678 մարդու տվյալներ են վերլուծել: Նրանք բոլորն էլ համապատասխան թեստ են անցել՝ կատուների, շների եւ խավարասերների նկատմամբ ալերգիայի առկայությունը պարզելու համար: Մասնակիցների 5.1 տոկոսի մոտ գլաուկոմա է ախտոորոշվել, իսկ 14.3-ի մոտ ի սկզբանե բարձր էր IgE մակարդակը՝ կատուների նկատմամբ ալերգիայի եւ 19.1 տոկոսով՝ խավարասերների նկատմամբ ալերգիայի պատճառով: Մյուս կողմից՝ գլաուկոմա չունեցող մարդկանց 10 տոկոսի մոտ իմունոգլոբուլինը եւս բարձր էր:
Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ կատուների եւ խավարասերների նկատմամբ ալերգիայի պատճառով ի հայտ եկած ալերգենները բիոքիմիական հատկություններ ունեն, որոնք ստիպում են հակամարմիններին գրոհել օպտիկական նյարդերը: Իսկ շների նկատմամբ ալերգիայի արդյունքում ի հայտ եկող ալերգեններն իրենց այլ կերպ են դրսեւորում:






