Համարվում է, որ տարվա շոգ եղանակին ավելորդ քաշի հետ խնդիրներն այդքան ակտուալ չեն, որքան ձմռանը, քանի որ շոգ եղանակին ախորժակը սովորաբար այդքան ուժեղ չէ: Սակայն, ինչպես հայտնում են Էդինբուրգի թագուհի Մարգարեթի համալսարանի գիտնականները, շոգ եղանակին շատ հավանական է ավելորդ կիլոգրամներ հավաքել, եւ շատ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում հենց ամռանը:
Այս խնդիրն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ավելորդ քաշի գոյացման պատճառը կարող է օրգանիզմում հեղուկի պակասը լինել: Ընդ որում՝ հեղուկի պակաս որպես այդպիսին մարդիկ չեն զգում, ինչը միայն նպաստում է օրգանիզմում ոչ բեարենպաստ գործընթացների զարգացմանը, որոնք հանգեցնում են ավելորդ քաշի ի հայտ գալուն:
«Հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում մարմնի բոլոր համակարգերի վրա եւ խաթարում նյութափոխանակությունը: Եթե Դուք շատ ծարավ եք, ուրեմն Ձեր օրգանիզմն արդեն իսկ գտնվում է ջրազրկվածության որոշակի մակարդակի վրա», - նշում են փորձագետները:
Բանն այն է, որ հեղուկի պակասի պայմաններում օրգանիզմը էներգիայի պակաս է զգում, իսկ դրա գոյացման համար սնունդ է պետք: Սնունդը՝ մասնավորապես ճարն ու ածխաջրերը, էներգիայի պակասը լրացնելու ամենաարագ միջոցն են: Այդ պատճառով սովածության զգացում կարող է ի հայտ գալ նույնիսկ այն ժամանակ, երբ ստամոքսն արդեն լիքն է: Սովածության այսպիսի կեղծ զգացումը կարող է հանգեցնել շատակերությանը, որն էլ իր հերթին հանգեցնում է ճարպակալման:
Տարվա շոգ եղանակին ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս փոքր չափաբաժիններով հաճախ ջուր խմել՝ չսպասելով ծարավելուն: Մասնագետների խոսքով՝ մարդու օրգանիզմը ձմռանը մեկ ու կես լիտր ջրի կարիք ունի, իսկ ամռանը կարող է անհրաժեշտ լինել 3-5 լիտր:






