Ուղեղիկը գլխուղեղի հատված է, որը պատասխանատու է շարժումների կոորդինացման, հավասարակշռության կարգավորման եւ մկանային տոնուսի համար: Պարզվում է, որ կրեատիվ մարդկանց մոտ բարձր ակտիվություն է նկատվում ուղեղի այս հատվածում: Նոր հետազոտությանը մասնակցել է 14 տղամարդ եւ 16 կին, պատմում է Science World Report-ը:
Կրեատիվությունը գնահատելու համար մասնագետները մի միջոց են օգտագործել, որը Pictionary խաղն է հիշեցնում: Կանոնների համաձայն` պետք է որեւէ բառ նկարել, իսկ թիմակիցները պետք է կռահեն այդ բառը: Հետազոտողներիը գիտափորձի համար բայեր են առանձնացրել, օրինակ` «քվեարկել» կամ «ողջունել»: Մինչ կամավորները փորձում էին կատարել առաջադրանքը, գիտնականները նրանց ՄՌՏ էին անում: Այնուհետեւ մասնակիցներին խնդրել են գնահատել, ինչքանով էր դժվար ամեն բառի համար որեւէ պատկեր մտածել:
Հետազոտողները պարզել են, որ բարդության աստիճանի սուբյեկտիվ աճը կապված է գլխուղեղի կեղեւին մոտ գտնվող հատվածի ակտիվության բարձրացման հետ, որը պատասխանատու է կատարողական ֆունկցիաների համար: Կրեատիվ մարդկանց մոտ այս հատվածի ակտիվությունը ցածր է, իսկ ուղեղիկում` բարձր: Այսպես, դատելով ամենից, ինչքան շատ է մարդը ձգտում կրեատիվ լինել, այդքան վատ է դա նրա մոտ ստացվում:






