Մարդու կերատիվության համար պատասխանատու գեներում մուտացիաները կապված են շիզոֆրենիայի եւ մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի հետ, հայտնում են Nature Neuroscience ամսագրում լույս տեսած լայնամասշտաբ գենետիկական հետազոտության հեղինակները

«Մեր լաբորատորիայում մենք ժամանակակից գենետիկական գործիքներ ենք օգտագործում ուղեղի աշխատանքի ուսումնասիրման համար: Ստացված տվյալները չպետք է որեւէ մեկին զարմացնեն, քանի որ կրեատիվ մարդիկ մտածում են ոչ այնպես, ինչպես մնացած մարդկությունը, եւ մենք նախորդ հետազոտությունների ընթացքում ցույց տվեցինք, որ նրանց ԴՆԹ-ում կան նաեւ շիզոֆրենիայի հետ կապված տարբերակներ», - հայտարարեց Կարի Սթեֆանսոնը (Kari Stefansson)՝  deCODE genetics ընկերության նախագահը:

Սթեֆանսոնն ու գործընկներները արդեն մի քանի տարի միավորում ու վերլուծում են լայնամասշտաբ գենետիկական հետազոտությունների արդյունքները՝ փորձելով պարզել այն գործոնները, որոնք կապված են շիզոֆրենիայի, գլխացավերի, հանճարեղության եւ այլ երեւույթների հետ, որոնց էությունն այժմ պարզ չէ նեյրոֆիզիկոսներին:

Վերջին տաս տարիներին մի շարք հետաքրքրաշարժ բացահայտումներ են իրականացվել: 2006 թվականին հայտնաբերվել են երկրորդ տիպի դիաբետի զարգացման հետ կապված գեները, 2009-ին՝ կնոջ դաշտանադադարի ժամկետները կանխորոշող ԴՆԹ-ի հատվածները, ինչպես նաեւ շիզոֆրենիան եւ հանճարեղությունը միաժամանակ պայմանավորող գեները, իսկ 2013 թվականին էլ բացահայտվել են գենետիկական կոդի այն հատվածները, որոնք պատասխանատու են գլխացավի համար:

Իրենց աշխատանքում deCODE-ի գենետիկաբանները նկարագրում են Իսլանդիայի ավելի քան 86 հազար բնակչի ԴՆԹ-ում հայտնաբերված մանր մուտացիաները: Ուսումնասիրելով նրանց գեների կառուցվածքը՝ գիտնականները միանուկլեոտիդային պոլիմորֆիզմները համեմատել են մարդկանց զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի հետ:

Ինչպես ցույց տվեց այս վերլուծությունը, կրեատիվությունը տեսանելի կերպով կապված էր  նույն այն գեների հետ, որոնք ասոցացվում են մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի զարգացման եւ շիզոֆրենիայի հետ:

Մասնագետների հաշվարկներով՝ ԴՆԹ-ում «կրեատիվ» մուտացիաների առկայությունը ավելացնում էր մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի զարգացման հավանականությունը 30 տոկոսով, իսկ շիզոֆրենիայի զարգացումը՝ 200 տոկոսով: Նմանատիպ արդյունքներ էին արձանագրվել ինչպես դերասանների ու նկարիչների շրջանում, որոնց գիտնականներն առանձին էին ուսումնասիրել, այնպես էլ Շվեդիայի ու Շոտլանդիայի բնակիչների մոտ:

Ինչպես նշում են Սթեֆանսոնն ու գործընկերները, այս ամենը խոսում է այն մասին, որ հանճարեղությունը, կրեատիվությունն ու հոգեկան խանգարումները կապված են միմյանց հետ գենետիկական մակարդակով: Դա, ընդհանուր առմամբ, զարմանալի չէ, եթե հիշենք Սալվադոր Դալիին, Վինսեթ Վան Գոգին եւ մի շարք այլ հանճարեղ մարդկանց: