Ծնվելու ամսաթվի եւ այն հիվանդությունների միջեւ, որոնց նկատմամբ մարդը հակվածություն ունի, որոշակի կապ գոյություն ունի, պնդում են ասթմայի եւ ուշադրության դեֆեցիտի ու հիպերակտիվության համախտանիշի մասնագետները:
Columbia University-ի գիտնականների խոսքով՝ մայիսին ծնված մարդիկ ավելի հազվադեպ են տառապում քրոնիկ հիվանդություններով, քան այն մարդիկ, որոնք ծնվել են հոկտեմբերին: Հոկտեմբերին ու հուլիսին ծնված մարդկանց մոտ ավելի մեծ է ասթմա ձեռք բերելու հավանականությունը՝ այլ մարդկանց համեմատ, իսկ ահա նոյեմբերին լույս աշխարհ եկածները ավելի հաճախ են տառապում ուշադրության դեֆեցիտի ու հիպերակտիվության համախտանիշով: Մայիսին ծնվածները ավելի հաճախ են առիթմիա, սրտային անբավարարություն եւ միտրալ փականի հետ խնդիրներ ունենում:
«Այս տվյալները կարող են օգնել գիտնականներին հիվանդությունների զարգացման ռիսկի նոր գործոններ բացահայտել», - նշեց բժիշկ Նիկոլաս Տատոնետի՝ հետազոտության հեղինակներից մեկն ու կենսաբժշկական ինֆորմատիկայի պրոֆեսորը:
Նա հավելեց նաեւ, որ պետք չէ շփոթվել հետազոտության արդյունքների պատճառով, քանի որ, չնայած տեսանելի այս կապի առկայությանը, ռիսկերն այդքան էլ բարձր չեն՝ հատկապես այլ գործոնների՝ օրինակ, սննդակարգի ու կենսակերպի համեմատ:
Հարկ է նշել, որ դեռեւս չկան բավարար փաստեր՝ ծնվելու ամսվա ու այս կամ այն հիվանդության միջեւ կապը ապացուցելու համար: Սակայն հետազոտության հեղինակները պնդում են, որ Ավստրիայում, Դանիայում եւ Շվեդիայում իրականացված մի շարք այլ հետազոտություններ եւս խոսում են նշյալ կապի առկայության մասին:






