Ցածրահասակ մարդկանց մոտ սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը ավելի բարձր է, նշում են գիտնականները: Մինչեւ վերջերս նրանք չէին կարողանում բացատրել այս կապը, սակայն վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ ամեն ինչի մեղավորը մեր գեներն են: Մոտ 180 գեն է պատասխանատու մեր հասակի համար եւ դրանցից ոմանք մարդուն ցածրահասակ են դարձնում, ինչպես նաեւ բարձրացնում անոթները խցանող խոլեստերինի մակարդակը:

Հատկանշական է, որ դա վերաբերվում է ավելի շատ տղամարդկանց, քան կանանց, սակայն դրա պատճառը դեռեւս չի հաջողվել պարզել:

Քլիվլենդի կլինիկան ներկայացնող կարդիովիրաբույժ Մարկ Գիլլինովի համոզմամբ՝ եթե նույնիսկ Դուք ցածրահասակ եք, դա դեռ չի նշանակում, որ անպայման սրտի հետ խնդիրներ եք ունենալու: Ծնողներին եւ գեները, մենք, բժշկի խոսքով, չեն կարող ընտրել, սակայն փոխարենը մեր կենսակերպը ընտրում ենք միայն մենք:

Եթե մարդը ճիշտ սնվի, ֆիզիկապես ակտիվ լինի եւ սթրեսների ազդեցության տակ չընկնի, նա հնարավորինս կապահովագրի իրեն սրտի հիվանդություններից, պնդում է բժիշկը: Ի վերջո՝ սրտի հիվանդությունների զարգացումը ծխելու պատճառով շատ ավելի վտանգավոր է, քան գեների կամ հասակի պատճառով ի հայտ եկած նույն այդ հիվանդությունները:

Բժիշկը մի քանի խորհուրդ է տալիս, որոնք կարող են Ձեր սիրտը ավելի առողջ դարձնել.

  • Մի ծխեք
  • Վերահսկեք խոլեստերինի մակարդակն արյան մեջ
  • Վերահսկեք ճնշումը, այն չպետք է բարձր լինի
  • Վերահսկեք քաշը, մի գիրացեք
  • Մարզվեք՝ օրական գոնե 30 րոպե
  • Ճիշտ սնվեք, օգտագործեք մրգեր, ընկուզեղեն եւ վիտամիններով ու օգտակար նյութերով հարուստ այլ սննդամթերքներ
  •  Խուսափեք աղի ու հարստացված ճարպերի չարաշահումից