ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը մտադիր է օդաչուների եւ ավիակարգավարների շրջանում դիսպանսերիզացիա կատարել, որպեսզի բացահայտի քունը խանգարող շնչադադար ունեցող աշխատակիցներին: Այս հիվանդության արդյունքում մարդը չի կարղանում քնի ժամանակ հանգստանալ, արդյունքում օրվա ընթացքում հոգնածություն է ունենում: Պատճառը քնի ժամանակ նեղացող շնչուղիներն են, ինչի արդյունքում օդի ներհոսքը կրճատվում կամ ամբողջությամբ դադարում է, քանի որ շնչուղիները նեղանում կամ խցանվում են: Մասնագետները կարծում են, որ քունը խանգարող շնչադադարը կարող է օդաչուների եւ ավիակարգավարների որակազրկման պատճառ դառնալ:

Նշենք, որ նորմայում մարդը քնի 1 ժամվա ընթացքում շուրջ 10 անգամ կարող է շչադադար ունենալ: Իսկ քունը խանգարող շնչադադար ունեցողները դադարում են շնչել մեկ ժամվա ընթացքում 50-60 անգամ, ինչի արդյունքում հոգնած են արթնանում: Օրվա ընթացքում նման մարդիկ թույլ են լինում, եւ մեծանում է հավանականությունը, որ աշխատանքի ընթացքում կննջեն: նրանք, որպես կանոն, մոռացկոտ, գրգռված են լինում եւ տառապում են գլխացավերից:

Քունը խանգարող շնչադադարը կարող է նաեւ արյան բարձր ճնշման եւ կաթվածի վտանգ առաջացնել:

Ըստ CBS News-ի՝ օդաչուների թուլությունը բազմաթիվ անգամներ ավիաաղետի պատճառ է դարձել, այդ թվում՝ 2009 թվականի փետրվարին Նյու Յորքում՝ Բուֆալոյի մոտակայքում 3407 չվերթի Colgan ինքնաթիռի կործանումը:

Օդաչուները սովորաբար աշխատում են տարբեր հերթափոխով, ինչի հետեւանքով չեն կարողանում նորմալ քունն առնել: Բժիշկների խոսքով, այն օդաչուները, ովքեր միշտ գիշերային չվերթ են սպասարկում, երբեմն չափից ավելի են հոգնում:

Սքրինինգից հետո օդաչուները պետք է բուժվեն շնչառական դադարից, որպեսզի կարողանան նորից թռչել:

Նման վիճակի բուժման տարածված միջոցը հիվանդին հատուկ սարքի եւ դիմակի միջոցով շնչուղիներ օդի անընդմեջ մղումն է: