Սնվելու կանոնները նույնն են տարվա տարբեր եղանակներին, սակայն ամռան ընթացքում ռիսկերն ավելի շատ են, քանի որ բակտերիաներն ու հիվանդությունների այլ տարատեսակ հարուցիչները բազմանալու համար բարենպաստ պայմաններ են ստանում: Թունավորումներից խուսափելու համար դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս հետեւել ստորեւ ներկայացրած կանոններին:

  1. Սնունդ: Համոզվեք, որ մթերքը, որը պատրաստվում եք ուտել, վարակված չէ: Մթերքների մակերեսին կարող են տարբեր միկրոբներ լինել, այդ պատճառով լվացեք այն, հատկապես եթե դա միրգ է, որը Դուք պատրաստվում եք թարմ ուտել՝ առանց ջերմային մշակման:
  2. Թարմություն: Ձեռք բերեք միայն թարմ, ոչ վնասված մթերքներ, հատկապես եթե խոսքը գնում է մրգերի կամ բանջարեղենի մասին: Համոզվեք, որ դրանց վրա վնասվածքներ չկան, որոնց միջոցով սովորաբար թափանցում են ախտածին բակտերիաները: Փաթեթավորված միրգ կամ բանջարեղեն գնելն, ի դեպ, ցանկալի չէ, քանի որ Դուք չեք կարողանա տեսնել, փչացած են դրանք թե ոչ:
    1.  Հիգիենա: Բոլորրը գիտեն, որ սնվելուց առաջ պետք է լվանալ ձեռքերը, սակայն, ցավոք, ոչ բոլորն են հետեւում այս կանոնին: Այդ պատճառով շատ դեպքերում թունավորման պատճառ են դառնում ոչ թե մթերքները, այլ կեղտոտ ձեռքերը: Բացի այդ՝ մենք շատ հաճախ մոռանում ենք, որ մթերքների փաթեթավորումը ստերիլ չի լինում, քանի որ այն երկար կարող է մնացած լինել խանութում եւ բազմաթիվ մարդիկ էլ դիպչել են դրան: Երբ մենք դիպչում ենք, օրինակ, կետչուպին, կամ այլ որեւէ մթերքին, իսկ դրանից հետո՝ հացին, ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը աճում է:  
    2. Մայոնեզը, թթվասերը, եւ այլ նմանատիպ մթերքներ անվտանգ են ամռանը, եթե դրանք պատրաստվել են նորմալ գործարանային պայմաններում՝ արտադրության նորմերի պահպանմամբ: Շատ կարեւոր է նաեւ, որ դրանք պահպանվեն պատշաճ պայմաններում: Սակայն նույնը չի կարելի ասել տան պայմաններում պատրաստած մայոնեզի մասին, քանի որ Դուք չեք կարող վստահ լինել, որ այդպիսի պայմաններում պատրաստված մթերքն անվտանգ է: