Կանաչեղենը ամենօգտակար մթերքների շարքին է դասվում եւ այն պարտադիր պետք է ընդգրկվի ցանկացած մարդու սննդակարգում: Սակայն այն այնքան էլ անվտանգ չէ, որքան ընդունված է կարծել:

Ինչպես նշեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Բաովյանը, կանաչեղենի հետ կապված վտանգները հիմնականում առնչվում են բակտերիաների ու պաթոգենների հետ, որոնք կարող են թաքնվել դրա տերեւների կամ ցողունի վրա: Քանի որ մարդիկ հիմնականում այդքան էլ լավ չեն լվանում կանաչեղենը, որեւէ ինֆեկցիայով վարակվելու վտանգ է ի հայտ գալիս, հատկապես եթե այդ բակտերիաները հայտնվեն մարդու օրգանիզմում:

Ավելի շատ բակտերիաներ ու միկրոբներ են պարունակում այն կանաչեղենն ու այն կանաչ բանջարեղենը, որի տերեւների վրա ծալքերը շատ են իսկ մակերեսն էլ հարթ չէ: Դա, օրինակ, վերբերվում է բրոկոլիին:

Իսկ ի՞նչպես է պետք լվանալ կանաչեղենը թունավորումներից խուսափելու համար:

Պատասխանը մեկն է՝ պետք է այն շատ երկար ու ուշադիր լվանալ, մակերեսային ողողումներն այստեղ չեն օգնի: Եթե պատրաստվում եք կանաչեղենը թարմ ուտել, Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս մի քանի ժամ պահել այն ջրում, իսկ այնուհետեւ լվանալ հոսող ջրի տակ:

Որոշ մարդիկ լվանում են կանաչեղենը մանգանակալիական լուծույթ պարունակող ջրի մեջ: Շատերը դա ավելորդություն են համարում, սակայն շատ դեպքերում այն իսկապես կարող է օգնել ավելի անվտանգ դարձնել կանաչեղենն ու հեռացնել դրա վրայից ախտածին բակտերիաները: