Ամառվա մի երեկո երկու աղջիկ շրջում էին Երեւանի կենտրոնական փողոցներով եւ, մոտենալով անծանոթ երիտասարդներին, հարցնում նրանց, թե ինչ գիտեն նրանք ՄԻԱՎ-ի մասին եւ այն մասին, թե ինչպես է վերջինս փոխանցվում: Աղջիկներից մեկը Յանա Պանֆիլովան է՝ ուկրաինացի մի դեռահաս, ով ծնվել է ՄԻԱՎ-ով եւ այժմ անում է ամեն հնարավորը՝ ՄԻԱՎ ունեցող այլ դեռահասներին օգնելու համար: Մյուսն էլ՝ ես եմ՝ NEWS.am Medicine-ի թղթակիցը:
Հյուսիսային պողոտայում մենք մոտեցանք նստարանին նստած եւ ինչ-որ բան նկարող երիտասարդին: Նա շատ բարեհամբույր էր եւ համաձայնվեց պատասխանել մեր հարցերին: Նրանից մենք իմացանք, որ ՄԻԱՎ-ը համասեռամոլների ու մարմնավաճառների հիվանդություն է, իսկ վարակվել դրանով կարելի է բոլոր հնարավոր եղանակներով նույնիսկ օդի եւ սրբիչի միջոցով: Նա այնքան վստահ էր պատասխանում հարցերին, որ անտեղյակ մարդկանց կարող էր թվալ, որ նա ճիշտ է:
«Իսկ դուք գիտե՞ք ՄԻԱՎ-ով հիվանդ որեւէ մեկին», - հարցրեցի ես՝ հետեւելով իմ ու Յանայի կողմից նախապես մշակված սցենարին:
«Իհարկե ոչ», - մռայլվեց երիտասարդը:
«Արդեն գիտեք», - ես մատնացույց արեցի Յանային, - ծանոթացեք այս աղջկա հետ, նա ծնվել է ՄԻԱՎ-ով եւ ձեր նշած մարդկանց խմբերից եւ ոչ մեկին չի պատկանում, քանի որ իրականում ՄԻԱՎ-ով կարող են վարակվել բոլորը: Եվ այն, ի դեպ, չի փոխանցվում ոչ օդակաթիլային եղանակով, ոչ էլ վարակակրի հետ շփման արդյունքում», - հավելեցի ես:
Երիտասարդը զարմացած նայեց Յանային եւ կարծես անշարժացավ:
Այս ընթացքում մեր զրուցակցի կողքին նստած երիտասարդը, ով այս ամբողջ ընթացքում լուռ լսում էր մեր խոսակցությունը, հանկարծակի ոտքի ելավ: «Ի՞նչ է անունդ», - դիմեց նա Յանային:
Դեմքին՝ ժպիտի իսպառ բացակայություն, ձայնը լուրջ, ագրեսիվություն թաքցնող:
Ես լարվեցի: Ով իմանա՝ ինչ կարող էր անցնել այս երիտասարդների մտքով: Սկսեցի մտածել մեր նահանջի հնարավոր ճանապարհների մասին, քանի որ խոստացել էի Յանայի ընկերներին, որ նրա հետ ոչինչ չի պատահի:
«Յանա», - լսվեց պատասխանը: Յանան, թվում էր, չի կիսում իմ մտահոգությունները:
Տղան անսպասելի ժպտաց եւ ձեռքը մեկնեց Յանային, իսկ ես թեթեւացած շունչ քաշեցի. «Ծանոթանանք, Յանա»։
Մեր անցկացրած այլ հարցումները այդքան էլ հետաքրքիր չէին: Մեկ այլ բան էր հետաքրքիր՝ մենք չհանդիպեցինք եւ ոչ մի մարդու, ով կարող էր ստույգ պատասխանել այն հարցին, թե ինչպես են վարակվում ՄԻԱՎ-ով եւ ինչով է այն տարբերվում ՁԻԱՀ-ից: Ավելին՝ աղջիկներից շատերը նեղսրտած բացականչում էին՝ «Ես ոչինչ չգիտեմ այդ մասին» կամ էլ «Չե՞ք ամաչում՝ նման հարցեր եք տալիս»:
Սակայն տղաներն էլ այս առումով այնքան էլ գրագետ չէին եւ ՁԻԱՀ-ի, դրանով վարակման ճանապարհների եւ խնդրի հետ կապված այլ հարցերի մասին զուտ մոտավոր պատկերացում ունեին:
Իսկ ինչու են հայերը այդքան վատ տեղեկացված ՄԻԱՎ-ի մասին: Վտանգավոր չէ արդյո՞ք այս անտեղյակությունը:
Այս հարցերով ես դիմեցի «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հ/կ ծրագրերի խորհրդատու Հովհաննես Մադոյանին: Այս կազմակերպությունը, այլ հարցերից զատ, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրներին աջակցություն տրամադրելով, իսկ դրա աշխատակիցները մնացածներից ավելի շատ բան գիտեն այս մարդկանց խնդիրների, ինչպես նաեւ հասարակության մտածելակերպի մասին: Մեր զրույցից պարզ դարձավ, որ իմ ու Յանայի հարցումը արտացոլել է հայերի՝ ՄԻԱՎ-ի մասին ունեցած գիտելիքների իրական պատկերը, ինչպես նաեւ բացահայտել նրանց իրական վերաբերմունքը այս հիվանդության նկատմամբ:
Հովհաննես Մադոյանի խոսքով՝ մեր հասարակությունում գերիշխում են ՄԻԱՎ-ի մասին բացասական տեղեկությունները: Հայերը համոզված են, որ ՄԻԱՎ-ը «20-րդ դարի ժանտախտն է», «մահացու հիվանդություն, որից փրկություն չկա»: Շատերը համոզված են, որ դրանով կարող են հիվանդանալ միայն սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչները՝ թմրանյութ օգտագործողները, միասեռականները, մարմնավաճառները, իսկ ահա մնացած բոլոր մարդիկ, նրանց պատկերացմամբ, ՄԻԱՎ-ից ապահովագրված են:
«Մեր ժողովրդի՝ այս հարցին վերաբերվող տեղեկությունների հատվածական ու միակողմանի էությունը մարդկանց խոցելի է դարձնում: Եթե մարդիկ լիարժեք տեղեկություններ ունենային, հնարավորություն կստեղծվեր առկա ռիսկերն ու բուժման հավանականությունը սթափ գնահատելու», - նշեց Մադոյանը:
Ինչ վերաբերվում է ռիսկերին, ապա մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ ՄԻԱՎ-ը մահացու հիվանդություն է, իսկ ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց առողջությունը շատ արագ քայքայվում է, ինչն էլ, իբր, անդրադառնում է նրանց արտաքինի վրա: Այս կարծրատիպով ղեկավարվող մարդիկ փորձում են արտաքին տեսքով պարզել, հիվանդ է մարդը թե ոչ: Եթե պոտենցիալ զուգընկերը առողջ է երեւում, ապա նա, ըստ այդ տրամաբանության, ՄԻԱՎ ունենալ չի կարող: Այսպես մտածելով՝ մարդիկ շատ հաճախ անպաշտպան սեռական հարաբերություններ են ունենում ՄԻԱՎ վարակակիրների հետ: Նրանց մտքով էլ չի անցնում, որ ՄԻԱՎ ունեցող մարդը կարող է միանգամայն առողջ երեւալ եւ ռիսկի խմբերից եւ ոչ մեկին չպատկանել:
Մադոյանի խոսքով՝ Հայաստանում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում, ՄԻԱՎ-ի բուժման հեռանկարների եւ հնարավորությունների մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ ՄԻԱՎ-ը միանշանակ շատ արագ հանգեցնում է մահվան, իսկ ահա այն մասին, որ հնարավոր է բուժում ստանալ եւ ապրել երկար ու լիարժեք կյանքով, նրանք ոչինիչ չգիտեն:
Իմ ու Յանայի իրականացրած հարցումը եւս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանում ՁԻԱՀ-ի մասին ոչինչ չգիտեն: Օրինակ, որոշ աղջիկներ, ում Յանան պատմում էր իր կարգավիճակի մասին, հարցնում էին ինձ. «Նա ի՞նչ է՝ վարակվել էր ՄԻԱՎ-ով եւ հետո բուժվել»: Ի դեպ «ՄԻԱՎ»-ի փոխարեն նրանք «ՁԻԱՀ» էին օգտագործում՝ չհասկանալով դրանց տարբերությունը:
Իսկ ինչո՞վ է վտանգավոր ՄԻԱՎ-ի բուժման մասին ոչինչ չիմանալը: Բանն այն է, որ շատերը, մտածելով, որ ՄԻԱՎ-ը ամեն դեպքում մահացու է, իմաստ չեն տեսնում ստուգվելու մեջ եւ նախընտրում են ոչինչ չիմանալ իրենց հիվանդության մասին: Դա, իր հերթին, վտանգավոր է կրկնակի, քանի որ այդպիսի մարդիկ, անհրաժեշտ բուժում չստանալով, դրդապատճառ չունեն՝ զուգընկերոջ կամ զուգընկերուհու նկատմամբ ավելի անվտանգ վարքագիծ դրսեւորելու համար, ինչը հանգեցնում է նրան, որ վարակվում են նաեւ այլ մարդիկ: Ի դեպ, գոյություն ունի կարծիք, որ ՄԻԱՎ վարակակիրները, որոնք տեղյակ են իրենց հիվանդության մասին եւ նորմալ բուժում են ստանում, շատ ավելի անվտանգ սեռական վարքագիծ են դրսեւորում, քան այն մարդիկ, ովքեր չգիտեն, որ հիվանդ են:
Եվ այսպես, մեր հասարակությունը շատ քիչ բան գիտի ՄԻԱՎ-ի մասին, եւ դա այդ հասարակությունը շատ խոցելի է դարձնում: Սակայն խնդիրն այն է, որ հասարակությունը չի էլ ձգտում տեղեկություններ ձեռք բերել: Հավանաբար, բանն այն է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ը խարանավորվում է: Եվ այդ պատճառով մարդիկ չեն ցանկանում ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ փնտրել՝ չնայած այն բանի, որ համացանցն այսօր ավելի քան մատչելի է եւ օգտվում են դրանից գրեթե բոլորը: Հովհաննես Մադոյանը նշում է, որ, հավանաբար, մեղավորն այստեղ ներքին «արգելակներն են»: ՄԻԱՎ-ով հետաքրքրվող մարդը վախենում է, որ ուրիշները կարող են կասկածել, որ ինքը ՄԻԱՎ ունի, եւ մարդն այս դեպքում սկսում է ամաչել նույնիսկ ինքն իրենից եւ չի համարձակվում ՄԻԱՎ-ի մասին տեղեկություններ ձեռք բերել:
Իսկ կարելի է արդյո՞ք որեւէ կերպ լուծել այս խնդիրը եւ զինել հասարակությունը համապատասխան գիտելիքներով, որոնք կարող են կանխարգելել վարակման նոր դեպքերը եւ փոխել հասարակության վերաբերմունքը ՄԻԱՎ-ի նկատմամբ: Հավանաբար, եթե մենք Յանայի ու նրա ընկերների պես ակտիվիստներ ունենայինք, որոնք չէին կաշկանդվի իրենց կարգավիճակի մասին խոսելիս եւ իրենց օրինակով ցույց տային, որ ՄԻԱՎ-ի շուրջ ձեւավորված կարծրատիպերը թյուր են, հասարակության վերաբերմունքը շատ արագ կփոխվեր:
Առայժմ, սակայն, ադպիսի ակտիվիստներ չունենք: Հուսանք, որ ապագայում այսպիսի մարդկանց պակասը կհաջողվի լրացնել:
Ամալյա Գաբրիելյան






