Հոսպիտալացված արմավիրցի երեխաների հիվանդության հարուցիչը պարզ կլինի մոտակա մի քանի ժամվա ընթացքում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հատուկ վտանգավոր վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
Նրա խոսքով՝ շուտով լաբորատորիան կվերջացնի նախնական հետազոտությունը, եւ հնարավոր կլինի պարզել, թե ինչ հարուցիչով է պայմանավորված երեխաների հիվանդությունը։ Հետազոտությունների նախնական տվյալները կամփոփվեն մոտակա մի քանի ժամվա ընթացքում։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ` ջերմություն, թուլություն, փսխում եւ լուծ ախտանշաններով։ Մի քանի ժամ անց նա մահացել էր, եւ նրա հիվանդության եւ մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Նույն օրը Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք է հոսպիտալացվել եւս 2 երեխա` կրկին սուր աղիքային վարակի կասկածով։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Նույն օրը Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ծայրահեղ ծանր վիճակով 5-ամյա տղա է տեղափոխվել «Սուրբ Աստավածամայր» բժշկական կենտրոն: Սակայն այս դեպքը, մասնագետների խոսքով, նախորդ դեպքերի հետ ոչ մի կապ չունի․ տղան ի ծնե վատառողջ էր եւ բազմաթիվ անգամ հիվանդանոցներում է պառկել։






