Հայաստանում երեխաների 19 տոկոսը թերսնուցման խնդիր ունի եւ թերաճ է։ Այս մասին են վկայում 2010 թվականի Demographic and health survey-ի տվյալները, եւ այս մասին լրագրողներին հայտնեց Հենրիետ Արենսը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում։

«Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության պատճառը շատ ժամանակ ոչ ճիշտ սննդակարգն է, որը հաճախ ծնողների գիտելիքների պակասի հետեւանք է», - նշեց Հենրիետ Արենսը:

Ինչպես իր հերթին նշեց USAID ժողովրդավարության, առողջապահության եւ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ալիսոն Մաքֆարլենդը, այն երեխաները, որոնք կյանքի առաջին տարիների ընթացքում չեն ստանում իրենց օրգանիզմի համար հարկավոր օգտակար նյութերը, ավելի կարճահասակ են լինում՝ չեն կարողանում հասնել այն հասակին, որին հասնում են ճիշտ կերպով սնվող երեխաները։ Բացի այդ, կյանքի առաջին երկու տարիների ընթացքում սննդի հետ ստացվող օգտակար նյութերը շատ կարեւոր են երեխայի գլխուղեղի զարգացման համար։ Ավելին՝ Ալիսոն Մաքֆարլենդի խոսքով՝ այդ ընթացքում երեխայի ընդունած կալորիաների մոտ ¾-ը ուղղվում է երեխայի գլխուղեղի զարգացմանը։

Այդ իսկ պատճառով երեխայի ճիշտ սնուցումը, մասնագետների խոսքով, այդքան կարեւոր է, մանավանդ՝ կյանքի առաջին տարիների ընթացքում, չե որ հենց այդ տարիքում է դրվում երեխայի՝ հետագա առողջության եւ բարեկեցության հիմքը։

Հիշեցնենք, որ Հայաստանում 2014թ. փետրվարից գործում է «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» երկամյա ծրագիրը: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության եւ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց եւ երեխաների թերսնուցումը երեխայի կյանքի առաջին 1000 օրերի ընթացքում՝ սկսած հղիության առաջին օրերից մինչեւ երեխայի երկու տարեկանը։ Այսօր մասնագետներն ամփոփեցին ծրագրի առաջին տարվա արդյունքները։