Հայաստանում, մի շարք մասնագետների գնահատմամբ, շատ երեխաներ թերսնուցման լուրջ խնդիր ունեն եւ չեն ստանում իրենց օրգանիզմին անհրաժեշտ նյութերը։ Սակայն ոչ պակաս արդիական է Հայաստանում գերսնուցման եւ երեխաների ավելորդ քաշի խնդիրը։

Ինչպես նշեց Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, հետաքրքիր է, որ երկու խնդիրներն էլ կապված չեն ընտանիքների սոցիալական վիճակից․ թե անապահով, եւ թե բարեկեցիկ ընտանիքներում կան եւ թերսնուցվող, եւ գերսնուցվող ու ավելորդ քաշ ունեցող երեխաներ։ Այսպիսով, թերսնուցման եւ գերսնուցման խնդիրների հիմնական պատճառը ոչ թե ընտանիքների սոցիալական վիճակն է, այլ՝ ծնողների մոտ գիտելիքների եւ տեղեկատվության պակասը։

Վորլդ Վիժն Հայաստանի վաղ մանկական զարգացման ծրագրի ղեկավար Կարինե Աբելյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նշեց, որ երկու խնդիրների՝ թերսնուցման եւ գերսնուցման լուծումը նույնն է՝ երեխաները պետք է ճիշտ, ռացիոնալ սնունդ ստանան։ Շատ կարեւոր է, որ երեխաները կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքի կաթով սնվեն, ապա ժամանակին հավելյալ սնուցումը ներմուծվի։ Մասնագետները մեծ աշխատանք են կատարում՝ փորձնելով հասցնել ծնողներին այն գաղափարը, որ քաղցրավենիքների եւ ֆաստ-ֆուդի փոխարեն ցանկալի է երեխաների համար պատրաստել ճիշտ եւ առողջ սնունդ՝ երեխայի տարիքին համապատասխան։

Սննդի քանակը, ինչպես նշեց Կարինե Աբելյանը, շատ կարեւոր է, բայց էլ ավելի կարեւոր է սննդի որակը։ Եթե երեխան ճիշտ քանակությամբ որակյալ սնունդ ստանա, նա ոչ թերսնուցման եւ թերաճի, եւ ոչ էլ ավելորդ քաշի խնդիր չի ունենա, պնդում է մասնագետը։