Առողջ կինը հղիության  ընթացքում պետք է ճիշտ սնվի եւ քաշ հավաքի:Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց թիվ №3  կլինիկական հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Նելլի Աբգարյանը:

Գինեկոլոգի խոսքով, եթե կինը չունի ֆոնային հիվանդություններ, ապա նրան պետք չէ առանձնահատուկ աննդակարգ:  Հղին պետք է հաճախակի եւ քիչ-քիչ սնվի: Նրա սննդակարգում պարտադիր պետք է լինեն՝ հաց, մրգեր եւ բանջարեղեն, կաթ, կաթնամթերք, միս, ձուկ, լոբեղեն (ոսպ, ոլոռ) եւ ընկույզ: Կարեւորը այս հարցում ոչ թե քանակն է, այլ կերած սննդամթերքի որակը: «Պարտադիր են նաեւ մեծ քանակությամբ միրգը, բանջարեղենը եւ առատ հեղուկները»,- ընդգծեց Աբգարյանը:

Հղիները պետք է փորձեն խուսափել աղից, ինչպես նաեւ սահմանափակեն քաղցրավենիքի օգտագործումը: Եթե հղին անընդհատ քաղցր ուտելու ցանկություն է ունենում, ավելի լավ է մեղր ուտել:

Հղիության ընթացքում կինը պետք է 10 ից 12 կգ քաշ ավելացնի: Խորհուրդ չի տրվում  15կգ-ից ավել եւ 5կգ-ից պակաս քաշ  հավաքել: «Քանի որ , եթե կինը բավարար քաշ չի հավաքել, դա նշանակում է, որ նա լիարժեք չի սնվում, իսկ դա անկասկած կազդի պտղի վրա»,- նշեց գինեկոլոգը, ավելացնելով, որ դա կարող է կապված լինել նյութափոխանակության խատման հետ: Այդ պատճառով յուրաքանչյուր ամիս խորհրդատվությունների ժամանակ բժիշկը կշռում է հղիին:

Նաեւ պետք է խուսափել ծխախոտից, ալկոհոլային խմիչքներից, եւ դեղեր չընդունել առանց կանխավ բժիշկ-գինեկոլոգի հետ խորհրդակցելու: Պետք է նաեւ սահմանափակել մարդկանց հետ շփումը՝ տարբեր վիրուսներից խուսափելու համար: Պետք է հաճախակի լվանալ ձեռքերը: Ընտանի կենդանիների հետ շփումը նույնպես պետք է սահմանափակել:

Ինչ վերաբերում է վիտամիններին, ապա դրանք նշանակվում են դեռեւս մինչեւ բեղմնավորումը, մասնավորապես կարեւոր է ֆոլաթթուն: Պետք է ուշադիր լինել հղի կնոջ օրգանիզմը երկաթով ապահովելու հարցում՝ նա այս շրջանում հատկապես երկաթի կարիք ունի: Պետք չէ մոռանալ  մաքուր օդին զբոսանքների մասին:

Առողջ կինը հղիության ընթացքում հանգիստ կարող է աշխատել, բացառություն են այն դեպքերը, երբ առողջության հետ խնդիրներ կան: Համակարգչով աշխատել կարելի է, եթե էկրանը հեղուկբյուրեղային է: Թեպետ այդ դեպքում էլ չի կարելի ժամերով նստել:

Դրանից զատ գինեկոլոգը խորհուրդ է տալիս խուսափել կոսմետիկայի օգտագործումից, քանի որ «առանց այդ էլ մեր կյանքում բավական քիմիա կա»:

Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի հղիության ընթացքում աղիները նորմալ գործեն: Չի կարելի անտեսել լուծը կամ փորկապությունը, որը հղիների մոտ հաճախ է լինում։ Անհրաժեշտ է դրա մասին անհապաղ գինեկոլոգին հաղորդել:

Անի Լիպարիտյան