Կոկոսն այսօր շատ տարածված է ամբողջ աշխարհում՝ որպես սննդամթերք ու կոսմետիկ միջոց: Որոշ մարդիկ այն գերօգտակար են համարում, սակայն հայտնի բրիտանացի դիետոլոգ Հելեն Բոնդը զգուշացնում է, որ կոկոսում պարունակվում են բազմաթիվ հագեցած ճարպեր ու կալորիաներ:

«Մարդիկ կոկոսը օգտակար են համարում, քանի որ դա բնական մթերք է, սակայն նրանք տեղյակ չեն, ինչքան շատ կալորիաներ ու հագեցած ճարպեր են պարունակվում դրանում, - նշում է բժիշկ Բոնդը, - օրինակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է կոկոսն օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում: Կոկոսի ձեթի մեջ նույնքան կալորիա է պարունակվում, որքան ձիթապտղի ձեթի մեջ, սակայն մեկ գդալ կոկոսի ձեթը 13 գրամ հագեցած ճարպ է պարունակում, իսկ ձիթապտղի ձեթի մեջ՝ ընդամենը երկու: Իրականում կանանց խորհուրդ է տրվում օրական 20 գրամ հագեցած ճարպ օգտագործել, իսկ տղամարդկանց՝ 30-ից ոչ ավել, քանի որ այդ ճարպերի քանակը կոկոսում անչափ մեծ է»:

Բժիշկ Բոնդը ընդգծում է նաև, որ կոկոսի 100 գրամում գրեթե 30 գրամ հագեցած ճարպ ու 354 կալորիա է պարունակվում: Ինչ վերաբերվում է կոկոսի ջրին, ապա այն իրականում օգտակար է: 150 մլ-ի մեջ պարունակվում է վիտամին C-ի՝ օրական չափաբաժնի գրեթե մեկ երրորդը: Այնումենայնիվ, չկա որևէ ապացույց, որ կոկոսի ջուրն ավելի լավ է խոնավացնում, քան հասարակ ջուրը:

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում 2014 թվականին կոկոսի ջրի վաճառքն աճել է 120 տոկոսով, իսկ կոկոսի ձեթի վաճառքը՝ 400 տոկոսով: