Կարմիր միսը, որը վերջերս անընդհատ քննադատվում է դիետոլոգների կողմից, իրականում այդքան վտանգավոր չէ, որքան շատերը կարծում են: Այս մասին է հայտնում Independent ամսագիրը:

«Մեծ Բրիտանիայի բնակչությյան գրեթե կեսը կարծում է, որ կարմիր միսը վտանգավոր է կյանքի համար: Ավելին՝ մեծ մասը կարծում է նաև, որ կարմիր միսն ավելի յուղոտ է, քան հավի միսը՝ չնայած նրան, որ իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է:», - գրում է ամսագիրը:

Այսպես , հարցվածների մոտ 60 տոկոսը կարծում է, որ կարմիր միսը շատ յուղոտ է, իսկ երկու երրորդն էլ նշեցին, որ հավն այնքան յուղոտ չէ, որքան տավարի միսը:

Սակայն փորձագետները կարծում են, որ իրականում դա այդպես չէ, իսկ կարմիր մսի յուղոտությունը չի գերազանցում 10 տոկոսը: Այնպես որ այն ավելի յուղոտ չէ հավի մսից:

Քաղցկեղի ուսումնասիրման հիմնադրամը ներկայացնող Ռեյչել Թոմպսոնը կարծում է, որ ամբողջությամբ բացառել այն սննդակարգից պետք չէ, քանի որ այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

«Կարևոր է հասկանալ, որ չարորակ ուռուցքների գոյացման ռիսկը ավելանում է ոչ թե մսի պատճառով, այլ դրա օգտագործման հաճախականության ու յուղոտության պատճառով», - նշեց մասնագետը:

Թոմպսոնի խոսքով՝ ոչ մի սարսափելի բան չկա շաբաթվա մեջ մի քանի անգամ կարմիր մսից պատրաստած ուտեստներ օգտագործելու մեջ: Ընդ որում՝ մասնագետը ընդգծում է՝ խոսքը գնում է  տանը պատրաստած ուտեստների, այլ ոչ կիսաֆաբրիկատների մասին, քանի որ գործարանային արտադրության ուտեստները ավելի հավանական են դարձնում առողջական խնդիրները: