Մարդկանց մարմնի միջին զանգվածը վերջին 20 տարիներին աճել է 8 տոկոսով, եւ դրա պատճառը անառողջ ապրելակերպն է ու մարդկանց՝ շատ ու սխալ սնվելը: Այս մասին են հայտնում ԱՀԿ՝ հուլիս ամսվա պաշտոնական տեղեկագիրը:
Մի խումբ մասնագետներ վերլուծել են աշխարհի 69 երկրների բնակիչների սննդակարգի կալորիականությանը վերաբերվող ավելի քան 30 տարվա տվյալները: Այս ցուցանիշները փորձագետները համեմատել են այդ երկրների բնակիչների մարմնի զանգվածի փոփոխման դինամիկայի հետ:
Այսպիսով հաջողվել է ստանալ սննդակարգի փոփոխման ու ավելորդ քաշի միջեւ հարաբերակցության պատկերը: Գիտնականները պարզել են, որ 1980 թավականից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է ապրել ավելորդ քաշ ունեցող մարդկանց քանակը: Տղամարդկանց դեպքում՝ 28.8 տոկոսից մինչեւ 36.9, իսկ կանանց դեպքում՝ 29.8-ից մինչեւ 38: Գիտնականների խոսքով՝ այս տարիների ընթացքում 54 երկրներում 69-անց մարդկանց մարմնի զանգվածն աճել է, աճել է նաեւ սննդի կալորիականությունը:
Մեկնաբանելով ճարպակալման ինտենսիվ տարածմանը նպաստող գործոնները՝ հետազոտողները նշել են, որ մարմնի զանգվածի մասսայական աճի պատճառը սննդակարգի բարձր կալորիականությունն է՝ գերվերամշակված սննդամթերքի օգտագործման պատճառով:
«Երբ կալորիաների հիմնական աղբյուրը դառնում է ֆասթ ֆուդը, կիսաֆաբրիկատները, թխվածքն ու շոկոլադե սալիկները, չիպսերն ւ այլ նմանատիպ մթերքները, սննդակարգի կալորիականությունը չափազանց բարձր է դառնում». – բացատրել են ԱՀԿ դիետոլոգները:
Փորձագետները հիշեցնում են, որ ֆասթ ֆուդն ու գազավորված ըմպելիքները ոչ միայն ավելացնում են կալորիաների քանակը, այյ նաեւ խանգարում օրգանիզմին յուրացնել անհրաժեշտ օգտակար նյութերը՝ բջջանյութը, չհագեցած ճարպաթթուները, վիտամիններն ու միկրոէլեմենտները: Նրանց խոսքով՝ միայն տան պայմաններում պատրաստած սնունդը կարող է համապատասխանել օրգանիզմի պահանջներին:
ԱՀԿ-ն կանխատեսում է, որ 2030 թվականին աշխարհում սպասվում է ճարպակալման վիճակագրական տվյալների աննախադեպ աճ: Մասնագետների գնահատականներով՝ այդ ժամանակ Եվրոպայի կանանց 63 ու տղամարդկանց 73 տոկոսը տառապելու են ճարպակալմամբ:






