Տկարամտությունը կանանց ավելի արագ է զրկում հիշողությունից, քան տղամարդկանց, հայտնում են ամերիկյան գիտնականները: Այս բացահայտումը բավականին տխուր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ դեմենցիայի զոհերի երկու երրորդը կանայք են:
Դյուկի նյարդաբանության ինստիտուտի գիտնականների իրականացրած հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ալցհեյմերի ուսումնասիրման միջազգային կոնֆերանսի ընթացքում: Զեկույցի համաձայն՝ դեմենցիան զարգանում է տղամարդկանց ու կանանց մոտ տարբեր արագությամբ: Պարզվում է` կանանց մոտ հիշողության կորստի եւ կոգնիտիվ ունակությունների վատթարացման գործընթացները զարգանում են ավելի արագ՝ տղամարդկանց համեմատ:
Դեմենցիայի զոհերի մոտ երկու երրորդը կանայք են, սակայն այս հարաբերակցությունը կարել է բացատրել նրանով, որ կանայք ավելի երկար են ապրում: Գիտնականներն էլ արդեն մի քանի տասնամյակ փորձում են բացահայտել այս ֆենոմենի այլ պատճառները, սակայն առայժմ՝ ապարդյուն: Նոր հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց ստացած տվյալները ոչինչ չեն ասում դեմենցիայի հետ կապված սեռական տարբերությունների մասին եւ նոր բուժման մշակման հիմքեր չեն տրամադրում:
Իրենց հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 70-անց 398 տղամարդկանց եւ կանանց կոգնիտիվ ունակությունների վատթարացումը 8 տարվա ընթացքում: Նրանք ուշադրություն էին դարձրել այնպիսի գործոններին, ինչպիսին են կրթվածության մակարդակը, գենետիկական հակվածությունը, տարիքն ու ինտելեկտը: Փորձարկումները ցույց տվեցին, որ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող կանանց մեծամասնության մոտ հիշողությունը ավելի արագ է վատթարանում՝ տղամարդկանց համեմատ:






