Չի կարելի չարաշահել մրգերը: Դրանց նորման պետք է օրական 0.5 կգ-ից ավել չլինի, պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, թե ինչ վտանգ կարող է պարունակել մրգերի չարաշահումը:
Դիետոլոգի խոսքով՝ ի պատասխան մրգերի օգտագործումը կարգավորելու իր կոչերին՝ շատերը նշում են, որ հիմա սեզոն է, եւ պետք է կշտանալ ծիրանից: Սակայն, նրա խոսքով, այս փաստարկներն աբսուրդային են, քանի որ, չափից շատ միրգ ուտելով, մարդը ոչինչ չի կուտակում, իսկ մարսողական համակարգի համար խնդիրներ ստեղծում է:
Բանն այն է, որ օրգանիզմը յուրացնում է այնքան օգտակար նյութեր, որքան ի վիճակի է յուրացնել, ավելցուկը նրան որեւէ օգուտ չի բերում: Այնինչ, բոլոր մրգերում, օգտակար նյութերի հետ մեկտեղ, բնական շաքար է պարունակվում, եւ եթե մարդն ուտում 0.5 կգ-ից ավելի, օրգանիզմը պարզապես չի կարողանում յուրացնել այդ շաքարը: «Դուք տեսել եք, թե ինչ է կատարվում մրգերի հետ դրսում, դրանք խմորվում են, թթվում են, քացախի վերածվում: Նույն այդ պրոցեսը տեղի է ունենում մարդու մարսողական համակարգում մրգերի չարաշահման դեպքում», - նշեց նա՝ հավելելով, որ օրգանիզմը պարզապես չի կարող ոչինչ անել խմորման նյութերի հետ, եւ այդ ժամանակ աուտոինտոկսիկացիա է տեղի ունենում:
Վարդանուշ Պետրոսյանը նաեւ նշեց, որ քաղցրության պատճառով մրգերը բարձրացնում են տրամադրությունը եւ նույնիսկ կախվածություն են առաջացնում, ինչն էլ կարող է հանգեցնել չարաշահմանը՝ ընդգծելով, որ կոչ է անում չչարաշահել մրգերը, այլ ոչ թե հրաժարվել դրանց օգտագործումից:






