Որ սնունդը կարելի է ուտել ամռանը, իսկ որից պետք է խուսափել: Այս հարցի շուրջ իր մտորումներով է կիսվում Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի փոխնախագահ, ապրանքների եւ ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Միլետա Արեստակեսյանը:

Ձմերուկ

Ամռան սկզբում Միլետա Արիստակեսյանը խորհուրդ էր տալիս զգուշանալ ձմերուկից, քանի որ անհաս ձմերուկում շատ բարձր է նատրիումի նիտրատի ու վտանգավոր նյութերի քանակը: Սակայն արդեն հուլիսի վերջն է, եւ խանութներում արդեն տեղական ձմերուկներ են վաճառում, որոնք շատ որակյալ են: Դրանք կարելի է հանգիստ ուտել: Նույնիսկ պետք է, կարծում է Միլետա Արիստակեսյանը, քանի որ ձմերուկներում շատ ջուր է պարունակվում, իսկ ամռան ընթացքում օրգանիզմը հեղուկի սուր կարիք է ունենում:

Ջուր

Տարվա շոգ եղանակին մարդը հաճախ է քրտնում, շատ հեղուկ կորցնում, որի պակասն անհրաժեշտ է լրացնել: Մեր ջուրը, Միլետա Արիստակեսյանի խոսքով, շատ լավն է՝ հարուստ միներալներով ու միկրոէլեմենտներով:

Մրգեր

Տարվա շոգ եղանակին նաեւ պետք է մրգեր ուտել ու դրանցից պատրաստած ֆրեշ խմել: Նախապատվությունը պետք է տալ տարբեր գույներ ունեցող մրգերին, որոնք հարուստ են վիտամիններով ու միներալներով:  Հայաստանում առկա մրգերի մեծ մասը օրգանական է եւ ԳՄՕ չի պարունակում:

Նույնը, ցավոք, չի կարելի ասել հատապտուղների ու բանջարեղենի մասին: Միլետա Արեստակեսյանի խոսքով՝ Հայաստանում գրեթե չեն մնացել լոլիկի ու ելակի հին տեսակները, դրանց փոխարեն ԳՄՕ պարունակող պտուղներ են ի հայտ եկել, որոնց անվտանգությունն ապացուցված չէ: