Ամռանը հնարավոր է թունավորվել ցանկացած ուտելիքից, իսկ «անվտանգ» կամ «վտանգավոր» մթերքներ ուղղակի գոյություն չունեն, պնդում է էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը։
Մասնագետի խոսքով, եթե մթերքները չեն պահվել հիգիենայի կանոններին համապատասխան, դրանցով հնարավոր է հեշտորեն թունավորվել, նույնիսկ եթե դրանք մրգեր կամ բանջարեղեն են։ Պետք է հիշել, որ ցանկացած մթերք երկար ճանապարհ է անցնում ձեր սեղանին հայտնվելուց առաջ եւ այդ ճանապարհի տարբեր փուլերին դժվար չէ խախտել հիգիենայի կանոնները եւ մթերքը վտանգավոր դարձնել առողջության համար։ Եվ հակառակը՝ եթե հստակորեն պահպանենք հիգիենայի կանոնները, մթերքները հնարավորինս անվտանգ կլինեն եւ դրանցով թունավորվելու ռիսկը նկատելիորեն կնվազի։
Ցանկացած մթերք արտադրողից հասնում է խանութ, եւ կարեւոր է ապահովել մթերքի անվտանգությունն այդ ճանապարհին (օրինակ, եթե ինչ-որ բան արագ փչանում է, դա պիտի տեղափոխվի սառնարան ունեցող հատուկ մեքենայով, հակառակ դեպքում մթերքը ճանապարհին կփչանա, չնայած պիտանելիության ժամկետը խախտված չի լինի)։ Հետո մի որոշ ժամանակ մթերքը մնում է խանութում, եւ շատերը կարող են կեղտոտ ձեռքերով ձեռք տալ դրան։ Ավելին, չի բացառվում, որ արագ փչացող մթերքները խանութում պահվեն անհամապատասխան պայմաններում, որոնցում ապահովված չէ անհրաժեշտ ջերմաստիճանը։
Դիետոլոգը խորհուրդ է տալիս սնունդ գնելիս հասկանալ, թե այն ինչ վտանգների եւ ռիսկի գործոնների է ենթարկվել։ Նույնիսկ հասարակ հացից կարելի է թունավորվել, եթե դա բաց դրված է խանութի դարակում եւ մարդիկ կեղտոտ ձեռքերով ձեռք են տալիս դրան՝ այն վարակելով վարակահարուցիչներով և մանրէներով։ Նման հացից կարելի է ձեռք բերել ոչ միայն «սովորական» աղիքային վարակ, այլեւ, օրինակ, հեպատիտ A։
Պետք է ընտրել թարմ եւ ամբողջական մրգեր (կտրատված միրգ գնելը վտանգավոր է, որովհետեւ չգիտեք, թե ով, ինչ ձեռքով, ինչ դանակով է կտրատել դրանք)։ Օգտագործելուց առաջ պետք է լավ լվանալ դրանք, եւ հետո միայն ուտել, որովհետեւ նույնիսկ ամենաթարմ մրգերի մակերեւույթին կարող են մանրէներ եւ վարակահարուցիչներ լինել, որոնք ձեր օրգանիզմ ընկնելով, որեւէ հիվանդության պատճառ կդառնան։






