Տղամարդու սերմնահեղուկի որակը փոխվում է՝ կախված նրանից, թե ով է նրա զուգընկերուհին՝ իրակա՞ն, թե երեւակայական, պնդում են նոր հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է Evolutionary Psychological Science ամսագրում։
Օհայոյի Վուսթեր քոլեջում աշխատող գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում 18-ից 23 տարեկան առողջ, հետերոսեքսուալ 21 տղամարդու ամեն 48-75 ժամը մեկ ցույց են տվել պոռնոգրաֆիական ֆիլմեր։
Առաջին վեց հոլովակներում մասնակցել է նույն դերասանը նույն դերասանուհու հետ, իսկ յոթերորդում նույն դերասանն է եղել, բայց արդեն՝ ուրիշ դերասանուհու հետ։ Բոլոր հոլովակները երեք րոպե են տեւել եւ ցուցադրվել են բազմաթիվ անգամներ, մինչեւ որ փորձարկման մասնակիցները օրգազմի են հասել։ Տղամարդիկ պիտի գրի առնեին, թե երբ են սկսել դիտել հոլովակը եւ երբ են հասել օրգազմի։ Իսկ սերմնահեղուկը պետք էր հավաքել հատուկ սրվակի մեջ։
Հետո գիտնականները գնահատել են ինչպես ստացված սերմնահեղուկի որակը, այնպես էլ այն ժամանակը, որն անհրաժեշտ է եղել սերմնաժայթքման համար։
Միջին հաշվով տղամարդուն օրգազմի հասնելու համար անհրաժեշտ է եղել 4 -ից 21 րոպե։ Նույն դերասանուհու հետ առաջին վեց հոլովակների դիտման ընթացքում սերմնաժայթքման համար անհրաժեշտ ժամանակը չի փոխվել։ Բայց ուրիշ դերասանուհու հետ յոթերորդ տեսահոլովակից հետո տղամարդիկ ավելի արագ են հասել օրգազմի, իսկ սերմնահեղուկի որակն էլ ավելի լավն է եղել։
Հետազոտողները ենթադրում են, որ անծանոթ զուգընկերուհու հետ սերմնահեղուկի որակի բարձրացումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ տղամարդը ենթագիտակցորեն մտածում է, որ նրա մեջ արդեն կարող է օտար սերմնահեղուկ լինել, նշանակում է, ձվաբջիջը բեղմնավորելու համար անհրաժեշտ է, որ իր սերմնահեղուկը լինի ավելի լավը եւ ավելի մրցունակ։






