Օրալ հակաբեղմնավորիչները ոչ միայն պաշտպանում են անցանկալի հղիությունից, այլեւ մի շարք դրական ազդեցություններ ունեն օրգանիզմի վրա․ դրանք ամսականներն ավելի անցավ են դարձնում, բարելավում են մաշկն ու մազերը, եւ այլն։ Վերջերս Օքսֆորդի համալսարանի գիտնականները նկատել են, որ հորմոնալ հաբերը նաեւ կանխարգելում են էնդոմետրիումի քաղցկեղը։
Նրանց խոսքով, օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը երկարաժամկետ պաշտպանություն է ապահովում արգանդի քաղցկեղից, եւ որքան ավելի երկար են կանայք խմում այդ հաբերը, այնքան պաշտպանությունը բարձր է լինում։ Բրիտանական գիտնականները բոլոր առկա ապացույցների անալիզ են անցկացրել եւ պարզել են, որ արգանդի քաղցկեղի մոտ 400 000 դեպք զարգացած երկրներում վերջին հիսուն տարվա ընթացքում կանխարգելվել է օրալ հակաբեղմնավորիչների ընդունման շնորհիվ, ներառյալ՝ 200 000 դեպքը վերջին 10 տարվա ընթացքում։
Օրալ հակաբեղմնավորիչների պաշտպանիչ ազդեցությունը քաղցկեղի կանխարգելման գործում պահպանվում է դեղահաբերի ընդունումը դադարեցնելուց հետո էլ՝ տասնամյակներ շարունակ։ Իսկ դա նշանակում է, որ այն կանայք, ովքեր սկսել են դեղահաբեր ընդունել մոտ 20 տարեկանում, իրենց առողջությունն ամրապնդում են նույնիսկ 50 տարեկանից հետո, երբ քաղցկեղի դեպքերի քանակը տվյալ տարիքային խմբում շատ ավելի մեծանում է։
Գիտնականների խոսքով, օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու դեպքում ամեն հինգ տարին մեկ արգանդի լորձաթաղանդի քաղցկեղի ռիսկը նվազում է մոտավորապես 25 տոկոսով։ Զարգացած երկրներում օրալ հակաբեղմնավորիչներ ակտիվորեն ընդունելու դեպքում տվյալ քաղցկեղի տեսակը 75 տարեկանից մեծ կանանց մոտ իջել է հարյուր մարդու հաշվարկով 2.3-ին մինչեւ 1.3 դեպքով։
Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչները պաշտպանում են ձվարանների քաղցկեղից։ Բայց շատ կանայք հրաժարվել են դրանց ընդունումից, որովհետեւ համարել են, որ այդ դեղահաբերը կարող են քաղցկեղ առաջացնել։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, գիտնականների խոսքով, այդ դեղահաբերը այնուամենայնիվ նվազեցնում են ուռուցքների հավանականությունը։
Այդ հետազոտության մասին հայտնում են The Lancet Oncology ամսագրում։






