Քնի խանգարումների խնդրին առնչվում են շատերը, հատկապես ամռան շոգին։ Արժե արդյոք նման դեպքերում քնաբեր ընդունել։
Քնի խանգարումների Ասոցիացիայի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանի խոսքով քնաբեր դեղերը կարելի է երկու խմբի բաժանել. առաջին խմբին պատկանում են բուսական բաղադրությամբ դեղերը, իսկ երկրորդ խմբի դեղերն ավելի լուրջ են եւ ազդում են ողջ օրգանիզմի վրա։
Եթե դուք քնի կարճաժամկետ խանգարում ունեք, կարելի է փորձել որեւէ բուսական դեղամիջոց։ Իսկ ահա երկրորդ խմբի դեղերը ինքնուրույն ընդունել խորհուրդ չի տրվում։ Եթե դուք քնի երկարատեւ խանգարում ունեք, ավելի լավ է դիմեք բժշկի։
Քնի խանգարումների դեմ կարելի է եւ ինքնուրույն պայքարել, եւ դեղահաբերի կարիքը միշտ չէ որ զգացվում է։ Փորձեք կարգավորել այսպես կոչված քնի հիգիենան.
- Անկողինը պետք է ասոցացվի միայն քնի եւ սեքսի հետ, ուստի ոչ միա այլ բան անկողնում մի արեք՝ հաց մի կերեք, մի կարդացեք, խաղ մի խաղացեք։
- Հատկապես վնասակար է անկողնում պառկած հեռուստացույց դիտելը կամ սմարթֆոնով խաղալը։ Բանն այն է, որ էկրանի լույսը զգալիորեն կվատացնի ձեր քնի որակը։
- Անմիջապես քնելուց առաջ ծանրամարս բաներ մի կերեք, այլապես դժվար կլինի քնել, եւ առավոտյան դուք կարթնանաք արդեն հոգնած։
- Քնելուց առաջ անցանկալի է նաեւ ոգելից խմիչք օգտագործելը։
Եթե այս միջոցները չեն օգնում, ապա ցանկալի է մասնագետի դիմել։ Չի բացառվում, որ քնի խանգարման պատճառը մեկ այլ հիվանդություն է. օրինակ սրտի աշխատանքի կամ շնչառության խանգարումները։






