Վերջին տարիների հետազոտությունները պարզել են, որ սենյակային ջերմաստիճանի «ոսկե ստանդարտը», որը դեռ անցյալ դարի 60-ական թթ. սահմանել էր Օդի ջեռուցման, սառեցման եւ օդափոխության ինժեներների ամերիկյան միությունը (American Society of Heating, Refrigerating and Air-Conditioning Engineers), պարզվում է կանանց համար բավական ցածր է։
Ավելի վաղ ուսումնասիրությունները պարզել էին, որ կանանց եւ տղամարդկանց համար սենյակային հարմարավետության ջերմաստիճանը 33 աստիճան Ցելսիուսն է։
Սակայն շրջակա միջավայրի ջերմաստիճանի վերաբերյալ կարծիքները չէին համընկնում։ Եթե տղամարդկանց համար հարմարավետության ջերմաստիճանը 22-ն է, ապա կանանց համար՝ 25 աստիճանը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կանացի օրգանիզմն ավելի քիչ ջերմություն է արտադրում. սովորաբար կանայք մարմնով ավելի փոքր են, նրանց մկանային զանգվածն ավելի քիչ, իսկ ճարպը շատ է։ Իսկ մկանները, ճարպի հետ համեմատ, ավելի շատ էներգիա են արտադրում։
Հետազոտողները որոշել են պարզել, թե ընդունված սենյակային ջերմաստիճանը սահմանելիս հաշվի առնվո՞ւմ է արդյոք «կանանց ավանդը»։ Նիդերլանդների Մաստրիխտի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետ Բորիս Քինգման եւ իր գործընկերները չափել են գրասենյակային թեթեւ ծանրաբեռնվածությամբ աշխատող 16 երիտասարդ կանանց մետաբոլիզմը։ Պարզվել է, որ ստացված ցուցանիշը շատ ավելի փոքր է, քան 1960-ական թթ. չափանիշները։ Մեկ խոսքով՝ գրասենյակային ջերմաստիճանը աղջիկների համար չափազանց ցածր է եղել։
Բացի այդ, պարզվել է, որ երկու սեռերի համար էլ մեծամասամբ օդորակիչի բարձր սառեցման ռեժիմի կարիքը չկա։ Գիտնականները կոչ են անում առաջնորդվել ոչ թե ընդունված ստանդարտ ջերմաստիճանով, այլ հաշվի առնել աշխատակիցների սեռը, տարիքը, մարմնի չափերը եւ կատարվող աշխատանքի տեսակը։
Քանի որ աշխատանքի ընտրության ոլորտը ավելի նեղ է եղել, այս արդյունքների հաստատման համար ավելի խոշոր հետազոտություններ են անհրաժեշտ։






