Մոցարտի երաժշտության ունկնդրումը կարող է կանխարգելել էպիլեպտիկ նոպաները, պարզել են ամերիկյան Օհայո նահանգի Պետական համալսարանի հետազոտողները։ Նրանք արձանագրել են, որ ընկնավորները երաժշտությանը մի քիչ այլ կերպ են արձագանքում, քան այն մարդիկ, ովքեր այդ խանգարումը չունեն։ Ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ էպիլեպտիկների ուղեղի ալիքները համահունչ են դառնում Մոցարտի կամ Ջոն Քոլթրեյնի երաժշտությունների հետ, բայց ոչ լռության կամ այլ կոմպոզիտորների երաժշտության, ինչպիսին, օրինակ, Ջոն Քեյջն է։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ երաժշտությունը կարելի է օգտագործել էպիլեպտիկության բուժման համար։
Իրենք՝ գիտնականները, զարմացել են ստացված արդյունքից։ Նրանք ենթադրում էին, թե երաժշտությունն ուղեղի կողմից այլ կերպ կմշակվի, քան լռությունը։ Բայց նրանց մտքով չէր անցնում, որ էպիլեպտիկների եւ առողջ մարդկանց ուղեղները այլ կերպ են ընկալում հնչյունները։ Չնայած երաժշտությունը չի կարող փոխարինել էպիլեպտիկության՝ ներկայումս կիրառվող բուժման մեթոդին, հետազոտողները համարում են, որ այն կարելի է ավանդական միջոցներին զուգահեռ օգտագործել էպիլեպտիկության նոպաները կանխարգելելու համար։
Էպիլեպտիկության դեպքերի մոտ 80%-ը քունքային է, այսինքն էպիլեպտիկության նոպաներն ի հայտ են գալիս ուղեղի քունքային մասում։ Երաժշտությունը մշակվում է գլխուղեղի լսողական կեղեւով՝ ուղեղի նույն հատվածում։ Հետազոտությունները էլեկտրոէնցեֆալոգրամների միջոցով համեմատել են էպիլեպտիկությամբ տառապող եւ չտառապող մարդկանց ուղեղում երաժշտության մշակումը։ Հետազոտությանը մասնակցել է Էպիլեպսիաից բուժվող 21 հիվանդ։






