Գիտնականները մոտ են նրան, որ կարողանան այս կամ այն հոգեկան հիվանդությունն ախտորոշել մեզի անալիզի միջոցով։ Խոսքը մասնավորապես վերաբերում է մեծ դեպրեսիվ խանգարման եւ երկբեւեռ խանգարման տարբերակմանը, որոնց ախտանիշները շատ նման են։ 

Ինչպես նշում են գիտնականները, շատ ավելի դժվար է ախտորոշել հոգեկան, քան սոմատիկ հիվանդությունները։ Դեպքերի մեծ մասում բժիշկը ստիպված է լինում կողմնորոշվել ոչ թե վստահելի թեսթերով, այլ հուզական ախտանիշներով, հասարակական կամ ֆունկցիոնալ խնդիրների մասին հայտարարություններով կամ էլ հիվանդի պահվածքի՝ սեփական դիտարկումներով։ 

Այնինչ՝ շատ հոգեկան հիվանդություններ նույնանման ախտանիշներ ունեն՝ նուրբ տարբերություններով։ Որպես օրինակ կարելի է նշել այն դեպքերը, երբ երկբեւեռ խանգարման փոխարեն ախտորոշում են մեծ դեպրեսիվ խանգարում։  Դրա պատճառները բազմաթիվ են։ Առաջինն այն է, որ երկբեւեռ խանգարման առաջին դրվագը, որի վրա ուշադրություն է դարձնում հիվանդը եւ որը նա նկարագրում է բժշկին, դեպրեսիան է։ Հիպոմոլագարային փուլը հաճախ հաշվի չի առնվում։ 

Այս երկու հիվանդության տարանջատման օբյեկտիվ չափորոշիչ գտնելու համար գիտնականները տարբեր մեթոդներով անալիզի են ենթարկել արդեն առկա  ախտորոշմամբ հիվանդների մեզի նմուշները։  Ընտրել են մեծ դեպրեսիվ խանգարումից տառապող 76 հիվանդի եւ 43-ին՝ երկբեւեռ խանգարմամբ, ինչպես նաեւ 126 առողջ կամավորի։ Գազային քրոմատոգրաֆիա-զանգվածա-սպեկտոմետրիայի եւ միջուկային մագնիսական ռեզոնանսի համադրումը հնարավորություն է տալիս ստեղծել մեզի մետաբոլիտների քանոն։ Ավելի փոքր քանակությամբ նմուշների հետազոտության միջոցով հայտնաբերել է 20 կենսանշանակիչ, որոնց կենտրոնացումը կլինիկական դեպրեսիայով հիվանդների մոտ ավելի ցածր էր։

Գիտնականները համարում են, որ իրենց հետազոտությունը կօգնի լաբորատոր թեսթ մշակել մեծ դեպրեսիվ խանգարման եւ երկբեւեռ խանգարման տարբերակման համար։  Նրանք պատրաստվում են շարունակել աշխատանքը նմուշների ավելի մեծ քանակության վրա՝ ներառյալ ողնուղեղային հեղուկի եւ արյան պլազմայի անալիզը։