Ձուկը համարվում է մարդու համար ամենաօգտակար սնունդը, եւ ձուկ ուտելու անհրաժեշտության մասին ակտիվ քարոզում են առողջ ապրելակերպի ջատագովները։ Սակայն դա չի նշանակում, որ ձուկ անհրաժեշտ է ուտել ամեն օր։
Համաձայն Apotheken Umschau ամսագրի հրապարակած տեղեկությունների՝ ձուկը կարելի է սննդակարգում ներառել հազվադեպ, բայց պարբերաբար։ Բոսթոնի փորձագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ առողջության պահպանման համար բավական է այդ մթերքն օգտագործել շաբաթը մեկ անգամ։
Բոսթոնի բժշկական դպրոցի ներկայացուցիչները ուսումնասիրել են 40 հազար տղամարդկանց առողջական վիճակը։ Վերլուծելով տվյալները՝ նրանք հայտնաբերել են, որ թեպետ ձուկը օրգանիզմը ամրացնող էֆեկտ ունի, դրա հաճախակի օգտագործումից ամեն դեպքում այդ օգտակար էֆեկտը չի ուժեղանում։
Այսպիսով՝ գիտնականները հերքել են այն առասպելը, որ առողջ ապրելակերպը ստիպում է ավելի շատ գումար ծախսել։ Բոսթոնցի բժիշկները հաստատել են այն փաստը, որ օմեգա-3 ճարպաթթու պարունակող ձկնատեսակները ապահովում են անոթային համակարգի պաշտպանությունը։ Սակայն այդ էֆեկտին հասնելու համար բավական է միայն չափավոր ձուկ օգտագործել, կարծում են նրանք։
«Միջին եւ բարձր տարիքի տղամարդկանց բավական է շաբաթական մեկ անգամ ճարպոտ ծովային ձուկ օգտագործել, օրինակ՝ ծովատառեխ կամ սկումբրիա, որպեսզի նվազեցնեն սրտանոթային հիվանդությունների ռիսկը 1/3-ով»,- ասված է հոդվածում։






