Շոգ եղանակին սառը ջուր կամ սառը ըմպելիքներ խմել խորհուրդ չի տրվում, հատկապես չի կարելի դրանք օգտագործել սնունդ ընդունելիս, պնդում է մանկաբույժ Զավեն Մելքոնյանը։

Նրա խոսքով, ցանկացած ձիապան գիտե, որ վազքից հետո փրփրած ձիուն չի կարելի սառը ջուր տալ, բայց երբ խոսքն իրեն է վերաբերում, մարդը չգիտես ինչու մոռանում է այդ ճշմարտությունը։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում, երբ նա ուտելու ընթացքում սառը ջուր է խմում։ Ինչպես նշել է Զավեն Մելքոնյանը, բոլորին հայտնի է, որ մարդը ուտելուց հետո թուլության զգացողություն է ունենում, եւ դրա պատճառն այն է, որ արյունը ուղղվում է դեպի աշխատող օրգանը՝ ստամոքսը, փոխարենը կրճատվում է  արյան հոսքը ուղեղ։ Եվ եթե այն պահին, երբ արյունը մեծ թափով շրջանառվում է մարսողական օրգաններում, օրգանիզմ է թափանցում սառը ջուր, տեղի է ունենում անոթների կծկում, արյան հոսքը կտրուկ նվազում է, փոխվում է մարսողության ֆիզիոլոգիան․ անհրաժեշտ ծավալով ստամոքսահյութ չի արտադրվում, խախտվում է թթվայնությունը եւ այլն։ Նման պատկերի պարբերական կրկնության դեպքում մարդու մոտ կարող է զարգանալ աղիքների դիսկինեզիա, իսկ հետո նաեւ՝ գաստրիտ։

Այս ամենը բացասականորեն է ազդում նաեւ լեղապարկի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա։ Դրա համար էլ Զավեն Մելքոնյանը խորհուրդ է տալիս գոլ վիճակում խմել ըմպելիքները, իսկ շոգին ուղղակի մեծացնել օգտագործվող հեղուկի ծավալը ջրազրկումից խուսափելու համար։