Գիտնականները ենթադրում են, որ կախված նրանից, թե դուք ինչպես եք քնում, ուղեղից տարբեր կերպ են հեռացվում նյութափոխանակության արդյունքները։ Ուղեղում թափոնային նյութերի կուտակումը նեյրոդեգեներատիվ  հիվանդությունների նշան է․ այդպիսի հիվանդություններ են Ալցհայմերինն ու Պարկինսոնինը։

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղն ավելի լավ է հեռացնում վտանգավոր նյութերը, երբ մարդը քնած է։ Նրանք նաեւ նկատել են, որ վատ քունը  ձեռքբերովի թուլամտության զարգացման վտանգ է պարունակում։

Այսինքն, եթե ուղեղը քնի ընթացքում ավելի լավ է հեռացնում թափոնները, գուցե քնի ընթացքում մարմնի դիրքը ոչ մի նշանակություն չունի՞։

Հետազոտության համար գիտնականները կենտրոնացել են ուղեղում առկա այն բարդ համակարգի վրա, որն ուղեղը մաքրում է վնասակար նյութերից, որոնք խաթարում են բջիջների եւ հյուսվածքների նորմալ գործառույթը։

Այդ համակարգը կոչվում է գլիմֆատիկ ուղի․ խոսքը ողնուղեղային հեղուկի ֆիլտրերի մասին է։ Գործընթացը հիշեցնում է լիմֆատիկ համակարգը, որը օրգանները մաքրում է մթերքների քայքայման մնացորդներից։

Գլիմֆատիկ ուղին առավել արդյունավետ է քնի ընթացքում։ Այն ուղեղը մաքրում է պոտենցիալ առումով թունավոր քիմիական նյութերից, այդ թվում նաեւ՝ բետա-ամիլոիդներից  եւ տաու-սպիտակուցներից։ Այդ սպիտակուցների ավելացումը Ալցհայմերի հիվանդության նշան է հանդիսանում։

Գիտնականներն օգտագործել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդը, ինչպես նաեւ չափել են անզգայացման տակ քնած կրծողների ուղեղում ողնուղեղային եւ միջբջջային հեղուկի փոխանակությունը․ կրծողները քնած են եղել երեք դիրքում՝ կողքի, փորին եւ մեջքին պառկած։ Անալիզը ցույց է տվել, որ գլիմֆատիկ համակարգը առավել արդյունավետ է, երբ կրծողները կողքի են պառկած, քան՝ փորին կամ մեջքին։

Հետազոտողները պարզել են, որ կողքի պառկելը մարդու եւ կենդանիների մեծամասնության համար ամենաընդունելի դիրքն է, նույնիսկ՝ վայրի բնության մեջ։