Եթե չափազանց երկար նայենք մեկ ուրիշ մարդու աչքերի մեջ, կարող են զգայախաբություններ առաջանալ, պնդում են հետազոտողները:

 Ուրբինոյի համալսարանում անցկացված գիտափորձի մասնակիցները պնդել են, որ իրենց դիմաց գտնվող մարդու դիմագծերն անընդհատ փոխվել են:

 Ոմանք նույնիսկ հրեշների են տեսել: Գիտափորձին   40 մարդ է մասնակցել, պատմում է    The Daily Mail-ը:

20 մասնակից նստել է վատ լուսավորված սենյակում, իրարից քսան մետր հեռավորության վրա: Կամավորները չեն իմացել, թե որն է գիտափորձի նպատակը:  Նրանց խնդրել են 10 րոպե անընդմեջ նայել իրար: Մեղմ լուսավորությունը թուլացրել է գույնի ընկալումը եւ մասնակիցներին թույլ է տվել կենտրոնանալ գւիտափորձի ընթացքում իրենց զուգընկերոջ դիմագծերի վրա:  

Ստուգման խմբից 20 մարդ նստած է եղել նույնանման լուսավորությամբ սենյակում, բայց նայել է դատարկ պատին: Հետո բոլոր կամավորները հարցաթերթիկ են լրացրել:   Հարցաթերթիկներից մեկում հարցեր են եղել այն մասին, թե իրենք ինչ են տեսել, իսկ մյուսում` իրականությունից անջատման զգացողության մասին:  Փորձնական խմբի մասնակիցներից շատերը գիտափորձի ընթացքում կորցրել են կապը իրականության հետ:

Կամավորներից 90%-ի խոսքով, դիմացինի դիմագծերն աստիճանաբար աղճատվել են: Խմբի անդամների երեք չորրորդը հրեշների է տեսել,  50% -ը սեփական դիմագծերն է նշմարել դիմացինի դեմքին, իսկ  15%-ը` ազգականների: Իրականությունից օտարացման զգացողությունն ու դիմագծերի աղճատումը, պարզվել է, կապված են իրար հետ: Հրեշների եւ իրականությունից կտրված լինելու միջեւ կապ չի եղել: