Անքնությունը, որը զգալիորեն վատացնում է մարդու կյանքի որակը, բավականին տարածված երեւույթ է աշխարհում՝ դրանով տառապում է մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը բազմիցս գրել է լավ քնելու կարեւորության, ինչպես նաեւ քնի հիգիենայի մասին, որն օգնում է պայքարել անքնության դեմ: Պարզվում է, որ որոշ մթերքներ նույնպես կարող են նպաստել խորը քնին:
Ձու
Ձուն պարունակում է տրիպտոֆան ՝ ամինաթթու, որը հանգստացնում է, հանում լարվածությունը ու օգնում խորը քնելուն: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 2-3 ժամ առաջ ուտել լավ եփած ձու՝ բանջարեղենով: Նման ընթրիքը չի գիրացնում ու նպաստում է ավելի հանգիստ քնելուն:
Բանան
Բանանը եւս մեկ հայտնի միջոց է անքնության դեմ: Կալիումի բարձր պարունակության շնորհիվ բանանը սեդատիվ ներգործություն է ունենում ու նպաստում խորը քնին:
Խաղող
Խաղողը պարունակում է մելատոնին, որն ազդում է մեր քնելու ու զարթնելու բնական ցիկլերի վրա: Ճիշտ է խաղողով չափից շատ հրապուրվել չարժե, քանի որ այն շատ շաքար է պարունակում:
Յոգուրտ
Յոգուրտի մեջ կա կալցիում՝ նյութ,որը նպաստում է տրիպտոֆանի ու մելատոնինի մակարդակի բարձրացմանը: Դրա համար էլ, եթե դուք տառապում եք անքնությունից, փորձեք երեկոյան մի քիչ յոգուրտ ուտել՝ ցանկալի է բնական ՝ առանց շաքարի ու հավելանյութերի:
Վարսակաշիլա
Մարդկաց մեծամասնության մոտ վարսակաշիլան ասոցացվում է նախաճաշի հետ, սակայն որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ այն շատ հարմար է նաեւ ընթրիքի համար. վարսակի մեջ կա բավականին շատ մագնիում ու կալիում, ինչն օգնում է խորը քնելուն:






