Մարդու սեռական կողմնորոշումը կարող է պայմանավորված լինել արյան խմբով ու ռեզուս-գործոնով: Այդ մասին պատմում են Մինոտ պետական համալսարանի մասնագետները, որոնք իրենց հետազոտությունների միջոցով փորձել են հասկանալ, թե ինչն է մարդուն դարձնում համասեռամոլ:
Տվյալ նախագծի շրջանակում մասնագետները ուսումնասիրել են Կանադայի ու ԱՄՆ–ի յոթ հազար ուսանողների, փորձելով կապ գտնել սեռական կողմնորոշման ու չորս գենետիկորեն պայմանավորված ցուցանիշների՝ աչքերի գույնի, մազերի գույնի, արյան խմբի ու ռեզուս գործոնի միջեւ:
Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են հետեւյալ առանձնահատկությունները՝ համասեռամոլ կանանց մեծամասնությունը ունեն արյան երկրորդ խումբ, մինչդեռ տղամարդկանց շրջանում այդ խումբը հակառակը՝ հազվադեպ է հանդիպում: Բացի դրանից նկատել են, որ համասեռամոլների համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը բացասական ռեզուս գործոն ունեն:
Սեռական կողմնորոշման թեման արդեն վաղուց է գտնվում շատ մասնագետների ուշադրության կենտրոնում: Կա կարծիք, որ մարդու սեռական կողմնորոշումը որոշվում է ոչ թե նրա կամային որոշումով, այլ գենետիկ պատճառներով որոնցով բնությունն է նրան «օժտում» դեռ ներարգանդային ձեւավորման ժամանակաշրջանում: Օրինակ գիտնականները համարում են, որ բազմաթիվ հիմքեր կան ենթադրելու, որ համասեռամոլության գեները արական սեռի սերնդին փոխանցում են մայրերը, հատկապես ամենաբեղուն մայրերը:






