Մարմնի սխեմա ասելով՝ գիտնակաները նկատի ունեն մարդու գիտակցության մեջ մարմնի կերպարանքի արտացոլումը: Մինչեւ վերջերս անհնար էր պատասխանել այն հարցին, թե ինչպես է այդ սխեման ձեւավորվում գլխուղեղում: Թեմփլ համալսարանի մասնագետները հետազոտություն են արել ու կարողացել են պարզել անհայտ ֆենոմենների մի մասը:
Հետազոտությանը մասնակցել են մինչեւ յոթ ամսական նորածիններ: Գիտնականները հպվել են երեխաների մարմնի տարբեր մասերին ու հետեւել գլխուղեղի գոտիների ակտիվությանը: Ուղեղի ակտիվության բոլոր փոփոխությունները գրանցվում էին էլեկտրոէնցեֆալոգրաֆ կոչվող սարքի վրա: Արդեն նորածնային տարիքում կան առանձին գոտիներ, որոնք մշակում են հպումներից ստացված ազդանշանները: Ստացվում է, որ երեխայի մարմնի սխեման միանգամայն որոշակի է եւ քիչ է փոփոխվում հասուն տարիքում:
Երկրորդ փորձի շրջանակում գիտնականները նկատել են, որ երբ երեխան նայում է ուրիշ մարդկանց շարժումներին, նրա ուղեղում ակտիվանում են ուղեղի համապատասխան մասերը: Կարելի է մեծ հավանականությամբ հայտարարել, որ մարդու մարմնի սխեման զարգանում է կյանքի առաջին ամիսներին: Այն անհրաժեշտ է մարդուն՝ սեփական մարմինը տարածության մեջ զգալու, շրջակա միջավայրի ու այլ մարդկանց հետ փոխգործողությունների համար:






