Ամորձիների քաղցկեղի դեպքերի գրեթե կեսի պատճառը այն գեներն են, որոնք տղամարդիկ ժառանգում են իրենց ծնողներից, հավաստիացնում են Լոնդոնի The Institute of Cancer Research–ի գիտնականները, որոնք լայնածավալ հետազոտություն են իրականացրել Գերմանիայի, Շվեդիայի ու ԱՄՆ –ի գործընկերների հետ համատեղ։

Գիտնականների խոսքով, ժառանգական հակումը շատ ավելի լուրջ դերակատարում ունի ամորձիների քաղցկեղի՝ քան քաղցկեղի մյուս տեսակների զարգացման հարցում, որոնց դեպքերի 20 տոկոսից էլ քիչն է պայմանավորված գեներով։

Հետազոտության շրջանակում գիտնականները ուսումնասիրել են 15.7 միլիոն շվեդների, այդ թվում ամորձիների քաղցկեղով 9324 տղամարդու տվյալներ։ Նրանք նաեւ ուսումնասիրել են 6000 բրիտանացիների, որոնցից 986 ի մոտ ախտորոշված էր քաղցկեղի այդ տեսակը։ Հիվանդների բոլոր տվյալների վերլուծությունը օգնել է գիտնականներին հանգել այն եզրակացության, դեպքերի 49 տոկոսում ամորձիների քաղցկեղը ծնողներից է ժառանգվում։

Նաեւ հետաքրքիր է, որ քաղցկեղի այդ տեսակը ժառանգվում է ոչ թե մեկ հիվանդ գենով, այլ ԴՆԹ կոդերի բազմաթիվ մանր վարիացիաներով ; Ինչպես նշել է գենետիկ Քլեր Թերնբուլը ՝ The Institute of Cancer Research–ից, եթե մասնագետներին հաջողվի գտնել թաքնված մուտացիաները, որոնք պատասխանատու են քաղցկեղի այդ տեսակի զարգացման համար, նաեւ տարբերակել բարձր ռիսկի գոտում գտնվող տղամարդկանց, դա շատ դեպքերում կօգնի կանխել հիվանդության զարգացումը։

Այս հետազոտությունը, որը խոշորագույնն է տվյալ ոլորտում, ֆինանսավորվել է Movember Foundation, The Institute of Cancer Research (ICR) եւ Cancer Research UK կազմակերպությունների կողմից ու դրա արդյունքների մասին հայտնում է Scientific Reports գիտական ամսագիրը։