Խաղողի եւ գինու մեջ պարունակվող ռեսվերատրոլը կարող է դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, պարզել են Վաշինգթոնի Ջորջթաունի համալսարանի գիտնականները։

Հայտնի է, որ մեծ քանակությամբ ռեսվերատրոլ են պարունակում կարմիր խաղողը, մորին, մուգ շոկոլադը եւ կարմիր գինին։

Գիտնականները ուսումնասիրել են տարբեր աստիճանի ծանրության Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող 119 հիվանդի։ Կամավորների մի մասը ամեն օր 12 ամիս շարունակ 1 գրամ բարձր որակի ռեսվերատրոլ է ստացել, իսկ երկրորդ խումբը ընդունել է պլացեբո։ Ալցհեյմերի հիվանդության աճը գնահատել են ըստ արյան մեջ Abeta40 սպիտակուցի մակարդակի նվազման աստիճանի։

Սննդային հավելում ընդունող խմբի մոտ այդ սպիտակուցը ոչ մի փոփոխության չի ենթարկվել, ինչը վկայում է հիվանդության կայունության մասին։ Նրանք նույնիսկ դրական դինամիկա են գրանցել՝ ինքնուրույն հագնվելով, ուտելիք պատրաստելով կամ ինքնուրույն հասարակական տրանսպորտից օգտվելով։

Պլացեբո ընդունած կամավորների մոտ Abeta40 սպիտակուցը շարունակել է նվազել, եւ շարժողական թեստերում նրանք որեւէ առաջընթաց չեն ունեցել։