Այս տարի Հայաստանում ռեկորդային թվով զանգվածային թունավորումների պատճառը ոչ միայն քաղաքացիների անփութությունն է, այլեւ պետական կառույցների վատ աշխատանքը։ Պետական կառույցները պետք է քայլեր ձեռնարկեին թունավորումները կանխելու ուղղությամբ։ Չգիտես ինչու, բոլորն ասում են, որ թունավորումներից հետո արվել են բոլոր անհրաժեշտ քայլերը, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ պետք է արվեր` թունավորումները թույլ չտալու համար։ Այս մասին ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը։

Նա նաեւ նշել է այն մի քանի պարզունակ քայլերը, որոնք կարող էին օգնել կանխելու զանգվածային թունավորումները։

1. Գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը քաղաքապետարանից պետք է տվյալներ վերցնի դպրոցներ եւ մանկապարտեզներ սնունդ մատակարարող բոլոր ընկերությունների մասին, առանձնացնի այն ընկերությունները, որոնք առաջարկում են բարձր ռիսկի խմբում ընդգրկված սննդամթերք (արագ փչացող մթերքներ, որոնք տեղափոխման եւ պահպանման հատուկ պայմանների կարիք ունեն), եւ ստուգումներ անցկացնի։ Եթե կառավարությունը սահմանափակ ստուգումներ է անցկացնում, կարելի է մոնիտորինգ անցկացնել։ Եթե մոնիտորինգի ժամանակ հայտնաբերվեն խնդիրներ, կարելի է վարչապետից թույլտվություն ստանալ տվյալ սուբյեկտում լիիրավ ստուգումներ անցկացնելու համար։

2. Հաջորդ քայլը պետք է լինի դպրոցների եւ մանկապարտեզների ճաշարաններում ստուգումներ անցկացնելը։ Այս ստուգումները, սակայն, երկրորդական են. առաջին հերթին պետք է համոզվել, որ մատակարարները հետեւել են մթերքի պահպանման կանոններին, եւ դրանք արդեն փչացած վիճակում չեն հայտնվել ճաշարանում։

3. Չարժե աչքաթող անել ջրի կանոնավոր հետազոտությունները, ինչն Առողջապահության նախարարության Պետական առողջապահական տեսչության պատասխանատվությունն է։

Երկու կառույցներն էլ, Բաբկեն Պիպոյանի կարծիքով, իրենց աշխատանքը չեն անում։ Իսկ եթե այդ կառույցների աշխատակիցները հայտարարում են, որ ստուգում են, բայց ստոգումներից հետո կրկին խախտումներ են լինում, եւ դրանց  հետեւանքով` թունավորումներ, նշանակում է` նրանք չեն կարողանում ստուգել, եզրակացրեց իրավապաշտպանը։