Երեկոյան կամ գիշերային ժամերին խմած սուրճի յուրաքանչյուր բաժակը 40 րոպեով «սառեցնում է» մեր կենսաբանական ժամացույցը, ինչն օգնում է մեզ ավելի երկար արթուն մնալ, վստահեցնում են կենսաբանները:
Քենեթ Ռայթը՝ Կոլոռադո նահանգի Բոուլդերի համալսարանից ու նրա գործընկերները պարզել են, թե մեկ բաժակ սուրճը ինչքան ժամանակով է ազդում ու ինչու է այն օգնում (կամ խանգարում) մեզ քնել գիշերային հերթապահությունների կամ քննություններին պատրաստվելու ժամանակ: Նրանք այս հարցերի պատասխանները պարզել են ՝ հետեւելով հինգ կամավորականների օրգանիզմի աշխատանքին, որոնք համաձայնել էին 50 օր անցկացնել հատուկ սարքավորված սենյակներում:
Այդ սենյակներում երեկոյան լույսը կամ առհասարակ չէր անջատվում, կամ էլ միայն թեթեւակի խամրում եր: Քնելուց երեք ժամ առաջ գիտնականները փորձի մասնակիցներին վիտամիններ էին տվել, որոնց կեսն իրականում կոֆեինի հաբեր էին:
Հետագա ժամերին կենսաբանները պարբերաբար թքի նմուշներ են վերցրել, չափել դրանում մելատոնինի՝ քնի հորմոնի քանակը ու նաեւ հետեւել, թե որքան արագ են քնով անցնում ու որքան երկար են քնում փորձի մասնակիցները: Ինչպես ցույց է տվել այս փորձը՝ քնելուց առաջ մեկ բաժակ սուրճի մեջ պարունակվող կոֆեինի քանակությանը համարժեք կոֆեին օգտագործելը հանգեցրել է նրան, որ կամավորների օրգանիզմում կենսաբանական ժամացույցը 40 րոպեով կանգնել էր, ինչը դրսեւորվում էր նրանց օրգանիզմում մելատոնինի ցածր մակարդակով:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ կոֆեինը արգելափակում է մելատոնին արտադրող հիպոֆիզի բջիջների մակերեսին գտնվող հատուկ ռեցեպտորների աշխատանքը: Այդ ռեցեպտորները ընկալում են ադենոզինի՝ քնի մեկ այլ ազդանշանի մոլեկուլները ու սկսում են մելատոնին արտադրել: Բայց եթե դրանց աշխատանքը մի քանի օրով արգելափակենք, ապա մարդու ներքին ժամացույցը անդառնալիորեն «հետ կընկնի», ու նա կսկսի ավելի ուշ քնել նույնիսկ առանց կոֆեինի օգնության: Դրա համար էլ գիշերները սուրճ խմող «արտույտները» ժամանակի ընթացքում կարող են վեր ածվել իսկական «բուերի»: Այս մասին ասված է այն հոդվածում, որը հրատարակվել է Science Translational Medicine ամսագրում:
Հետաքրքիր է, որ գիշերը վառ լույս միացնելը թույլ է տալիս հասնել նույնքան ուժեղ ներգործության, որքան կոֆեին ընդունելու դեպքում: Իսկ ահա լույսի ու կոֆեինի համադրումը, ինչպես ցույց են տվել Ռայթի ու նրա գործընկերների արած փորձերը, չի օգնել ավելի երկար արթուն մնալուն: Ամենայն հավանականությամբ, կենսաբանական ժամացույցի նման «վերբեռնումը» որոշակի առավելագույն սահման ունի, որի բնույթը գիտնականները դեռ չեն կարողանում պարզել:
Իսկ առայժմ կոֆեինի նման անսովոր ներգործությունից կարող են օգտվել այն մարդիկ, ովքեր ճամփորդում են ժամային այլ գոտիներ. ճիշտ պահին սուրճ խմելը կարող է նրանց օգնել կյանքի նոր ռիթմին հարմարվելուն, եզրակացնում են հոդվածի հեղինակները:






