Սննդամթերքը ազդում է ոչ միայն մեր ինքնազգացողության եւ տրամադրության, այլեւ մեր հոգեկան առողջության վրա, հավաստիացնում են University of Las Palmas de Gran Canaria-ի գիտնականները: Նրանց արած հետազոտությունը ցույց է տվել, որ միջերկրածովյան դիետան կարող է մարդուն պաշտպանել դեպրեսիայի զարգացումից:

Գիտնականների խոսքով, միջերկրական դիետան, որը հարուստ է մրգերով, բանջարեղենով, ընկույզով ու ձիթապտղի ձեթով, պաշտպանում է նաեւ սրտի հիվանդությունից: Իսկ ահա միսը, քաղցրավենիքը, կենդանական ու տրանս յուղերը, հակառակը ՝ ավելացնում են դեպրեսիայի հավանականությունը, եւ սրտի համար էլ ամենեւին օգտակար չեն:

Հետազոտության հեղինակները տարվա ընթացքում հետեւել են երեք առավել հանրահայտ սննդակարգերի ազդեցությանը ՝ 15 000 մարդու հոգեկան առողջության վրա: Այդ ժամանակահատվածում 1550 կամավորականների մոտ դեպրեսիա է ախտորոշվել, կամ էլ նրանք դիմել են հակադեպրեսանտների կատեգորայի դեղերի օգնությանը:

Գիտնականները ուզում էին հասկանալ, թե ինչ դեր է կատարում սնունդը մարդու հոգեկան առողջության հարցում: Միջերկրածովյան դիետան ներառում է մեծ քանակությամբ սննդամթերքներ, որոնք Օմեգա 3-ի, վիտամինների ու միներալների հարուստ աղբյուր են, ինչն էլ հենց հետազոտության հեղինակների կարծիքով ապահովում է դեպրեսիայի կանխարգելումը: Այդ հոգեկան խանգարման զարգացման վտանգը նվազեցնելու հարցում արդյունավետ է նույնիսկ չափավոր անցումն առավել առողջ սննդի: