Ֆրենսիս Քրիքի անվան Լոնդոնի ինստիտուտը գիտահետազոտական նախագծի շրջանակներում դիմել է մարդկային էմբրիոնների մոդիֆիկացիայի թույլտվություն ստանալու համար։ Գիտնականները պլանավորում են պարզել որոշ կանանց մոտ վիժումների պատճառները։

Խնդրանքը ներկայացրել է Ֆրենսիս Քրիքի ինստիտուտի աշխատակցուհին, գրում է The Guardian-ը։

Եթե պետական կարգավորողը թույլտվություն տա, ապա Մեծ Բրիտանիան կդառնա երկրորդ երկիրը, որտեղ մարդկային էմբրիոնների վրա գիտական փորձեր կկատարվեն։ Այս ոլորտում առաջին փորձարկությունները կատարել են չինացի գիտնականները, որոնք այս տարվա ապրիլին մոդիֆիկացրել էին մարդու գենետիկ կոդը։

Թույլտվություն ստանալուց հետո գիտնականները կարող են փորձարկումներ կատարել մի քանի ամիս շարունակ։

Փորձարկությունը շարունակվելու է 2 շաբաթ, հետազոտությունները լինելու են  միայն բազային, իսկ էմբրիոնները չի թույլատրվելու հասցնել պտղի կարգավիճակի։ Դրանք բեղմնավորվելու են էքստրակորպորալ բեղմնավորման միջոցով։ Ձվաբջիջներն ու սպերմատոզոիդները կտրամադրեն կամավորները։