Գլխի եւ պարանոցի քաղցկեղ ունեցող մարդիկ հաճախ են ճառագայթային թերապիա ստանում, ինչը մշտապես վնասում է նրանց թքագեղձերը. այդ մարդկանց 40 տոկոսի մոտ դադարում է թքարտադրությունը, նրանք կորցնում են ատամները եւ բախվում են մի շարք այլ, ոչ պակաս տհաճ կողմնակի հետեւանքների։ Հիմա գիտնականները այդ հետեւանքները կանխելու միջոց են հայտնաբերել։

University of Groningen-ի համալսարանի բիոֆիզիկոս Փիթեր վան Լյուիջկը բացատրում է, որ առանց թքի ապրելը շատ դժվար է. հիվանդը գիշերները հաճախակի արթնանում է, որպեսզի ջուր խմի, իսկ ուտել եւ խոսել առանց թքի նույնպես բարդ է։ Ավելին՝ թքի պակասը հաճախ հանգեցնում է ատամների կորստին։ Բանն այն է, որ գիտությունը դեռ չի պարզել, թե ինչպես է ճառագայթային թերապիան վնասում թքագեղձերը, չէ՞ որ բուժման ժամանակ ճառագայթներն ուղղվում են միայն հիվանդ հյուսվածքներին։

Մասնագետները պարզել են, որ հարականջային գեղձերի ցողունային բջիջները կարող են նպաստել վնասված գեղձերի ռեգեներացիային եւ վերականգնել թքարտադրությունը։ Մինչեւ վերջերս գիտնականները չգիտեին, թե կոնկրետ որտեղ են գտնվում այդ ցողունային բջիջները, բայց բժիշկ Լյուիջկը եւ նրա գործընկերները հարակաջային գեղձերում այդ բջիջների կուտակումներ էին հայտնաբերել։

Կենդանիների վրա անցկացրած փորձերը ցույց են տվել, որ այդ այդ կուտակումների ճառագայթումը հանգեցնում է թքարտադրության դադարեցմանը։ Ստացվում է, որ քաղցկեղով հիվանդների մոտ թքարտադրության դադարեցումը պայմանավորված է այդ գեղձերի ճառագայթումով։

Մասնագետները ենթադրում են, որ եթե ճառագայթային թերապիայի ժամանակ այդ գեղձերը պաշտպանել ճառագայթներից, ապա նրանց ցողունային բջիջները չեն մահանա, իսկ թքարտադրության գործառույթը չի տուժի։ Հիմա գիտնականները փորձեր են անցկացնում դրանում համոզվելու  համար։

Այս բացահայտման մասին ասված է Science Translational Medicine ամսագրում։