Գրոսմեյստերները, Շախմատի տան դասավանդողներն ու ադմինիստրատիվ աշխատողները միացել են ոսկրածուծի դոնորների ռեեստրին: Այդ մասին NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի ղեկավար Սեւակ Ավագյանը:
Ոսկրածուծի ցողունային բջիջների դոնոր դառնալու պատրաստակամություն հայտնած գրոսմեյստերներից են Դավիդ Պետրոսյանը («Աէրոֆլոտ Բ» մրցաշարի հաղթող) Գեւորգ Հարությունյանը ( 2014 թ Ռուսաստանի գավաթակիր), Կարեն Գրիգորյանը ու Աղասի Ինանցը (ՖԻԴԵ միջազգային վարպետ ): Ռեեստրին նաեւ միացել են Շախմատի տան տնօրեն Հրաչիկ Թավադյանը, դասավանդողներ Նարե Առաքելյանը ու Մարիա Գեւորգյանը ու շատ ուրիշներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, Ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ռեեստրին միացավ նաեւ շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք նաեւ, որ վերջին մի քանի օրերին եւս 420 հայ ոսկրածուծի ցողունային բջիջների պոտենցիալ դոնոր է դարձել. 99 երեւանցիներ համալրել են ռեեստրը սեպտեմբերի 19-ին, այն միջոցառման ժամանակ, որը Ոսկրածուծի դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հետ համատեղ: Սեպտեմբերի 17-ին կազմակերպությունը միջոցառումներ էր կազմակերպել Արմավիրի մարզում, որտեղ 217 մարդ հաճույքով միացել է ռեեստրին: Իսկ դրանից առաջ ռեեստրին միացել էին հայկական արմատներ ունեցող 104 թեհրանցի:
Աշխարհում այս պահին մոտավորապես 25 միլիոն ոսկրածուծի պոտենցիալ դոնոր կա, որոնցից 27 հազարը հայկական ռեեստրում են: Նրանց 65 տոկոսը Հայաստանից ու Ղարաբաղից են, իսկ մնացածը՝ այլ երկրներից, որտեղ հայկական համայնքներ կան:
Ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման օգնությամբ ժամանակակից բժշկությունը կարող է մի շարք ծանր հիվանդություններ բուժել, օրինակ լեյկեմիա: Սակայն դրա համար անհրաժեշտ է գտնել դոնոր, որը 100 տոկոսով համատեղելի կլինի հիվանդի հետ: Ամբողջ աշխարհում ստեղծված ռեեստրները օգնում են նման դոնորներ գտնելուն:
Լուսանկարները NEWS.am Medicine –ի խմբագրությանը տրամադրել է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը:











