Միանգամից մի քանի խրոնիկ հիվանդությունների առկայությունը կարող է մեծացնել չափավոր կոգնիտիվ խանգարումների ու տկարամտության զարգացման հավանականությունը, կարծում են Մայո կլինիկայի ամերիկյան գիտնականները:
4 տարվա ընթացքում հետազոտողները հետեւել են 2176 մարդու, որոնք այդ պահին չունեին կոգնիտիվ խնդիրներ եւ որոնց միջին տարիքը 78.5 էր: Հետազոտության արդյունքում գիտնականները նկատել են, որ ավելի քան մեկ խրոնիկ հիվանդություն ունեցող մասնակիցների մոտ տկարամտության զարգացումը 38 տոկոսով ավելի հավանական է, իսկ 4 ու ավելի խրոնիկ հիվանդություններով մասնակիցների մոտ 61 տոկոսով ավելի հավանական է կոգնիտիվ (իմացական) խանգարումների առաջացումը:
Գիտնականների խոսքերով, կարելի է նաեւ ենթադրել, որ խրոնիկ հիվանդությունների կանխումը կամ արդյունավետ բուժումը կարող են օգնել ծերացող մարդկանց պահպանել իրենց հոգեկան առողջությունը:
«Մենք չենք կարողացել ուսումնասիրել, թե հատկապես ինչ մեխանիզմներով են խրոնիկ հիվանդությունները նպաստում կոգնիտիվ խանգարումնեի զարգացմանը, սակայն մեր տվյալները համապատասխանում են այն հիպոթեզին, ըստ որի խրոնիկ հիվաննդությունների պատճառների վերացումը կարող է նպաստել տկարամտության զարգացման հետաձգմանը»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Բուտոն Ռոբերթսը,- Մեր հետազոտության արդյունքները նաեւ ընդգծում են, որ խրոնիկ հիվանդությունները հնարավոր է արյդւոնավետորեն կառավարել՝ կոգնիտիվ խանգարումների զարգացումը հետաձգելու նպատակով»:






