Խրոնիկ հիվանդություններով մարդիկ սովորաբար դժվարանում են ֆիզիկական վարժություններ անել, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա: Նման մարդիկ կարող են փորձել վարժությունների «Տայ-չի» չինական համակարգը: Դրանք հանգիստ, ոչ բարդ վարժություններ են, որոնք սակայն շատ օգտակար են խրոնիկ իվանդությունների դեպքում: Այս մասին պատմում է British Journal of Sports Medicine ամսագրում տպագրված հոդվածը:
Գիտնականները վերլուծել են 1594 կամավորների մասնակցությամբ 24 հետազոտությունների տվյալներ: Մասնակիցների մեծամասնությունը 60-70 տարեկան էր եւ տառապում էր խրոնիկ օսթեօարթրիթով, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, սրտային անբավարարությամբ կամ կրծքագեղձի քաղցկեղով: Մասնակիցների կեսը չորս ամիս շաբաթական 2-3 անգամ պարապել է «Տայ-չի» ծրագրով:
Անկախ նրանց հիվանդությունից, հետազոտության այն մասնակիցների մոտ, որոնք զբաղվել էին «Տայ-չի»- ով, կարելի էր նկատել թե ընդհանուր ֆիզիկական վիճակի բարելավում, թե մկանային ուժի ավելացում: Օսթեոպորոզով մարդկանց ցավերն ավելի թուլացել էին, իսկ վերջույթները ավելի շարժունակ էին դարձել: Թոքերի օբստրուկտիվ հիվանդությամբ ու սրտային անբավարարությամբ մարդկանց համար շնչելն էր ավելի հեշտացել: Ընդհանուր առմամբ մասնամիցների մեծ մասի կյանքի որակը լավացել էր: Քիչ փոփոխությունենր են նկատել միայն քաղցկեղով ու դեպրեսիայով հիվանդները:
Դարեր առաջ «Տայ-չի»-ն մարտական արվեստ է եղել, սակայն հետո այն ավելի լայն կիրառում է ձեռք բերել: «Տայ-չին» ենթադրում է դանդաղ, զգույշ շարժումներ, որոնք երբեմն անվանում են մեդիտացիա՝ շարժման մեջ: «Տայ –չի» վարժությունների մեծ մասը ոչ մի հավելյալ սարքավորում չի պահանջում ու միանգամայն անվտանգ է:






