Ուղեղի չարորակ ուռուցք՝ գլիոբլաստոմա, ախտորոշում ունեցող հիվանդների կյանքի միջին տեւողությունը մոտավորապես 14 ամիս է: Խնդիրն այն է, որ այս հիվանդության ախտանիշները բավականին ուշ են ի հայտ գալիս, հետեւաբար հիվանդությունն էլ ախտորոշվում է արդեն վերջին փուլերում: Իսկ հիմա, Ohio State University-ի գիտնականները գտել են պրոտեիններ, որոնց շնորհիվ գլիօբլաստոման կարելի է ախտորոշել դրա ախտանիշների ի հայտ գալուց 5 տարի առաջ:
Բժիշկ Ջուդիտ Շվարցբաումը, հետազոտության հեղինակներից մեկը, բացատրեց, որ ինքն իր գործընկերների հետ միասին հայտնաբերել են 2 պրոտեին, որոնք փոխգործակցում են գլիոմայի հետ: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ դեռ 2012 թ. Շվարցբաումը ու նրա գործընկերները հայտնաբերել էին, որ ասթմայով ու ալերգիայով հիվանդների մոտ գլիոմայի զարգացման հավանականությունը 50 տոկոսով ցածր է, քան մյուս մարդկանց մոտ: Ալերգիայի ու ուղեղի քաղցկեղի կապը հասկանալու համար գիտնականնեը սկսել են ուսումնասիրել արյան նորվեգական բանկը, որտեղ պահվում էին վերջին 40 տարիներին վերցված դոնորական արյան նմուշները ու բոլոր անալիզների տվյալները: Գիտնականները ունեին նաեւ տվյալներ երկրի բոլոր քաղցկեղային հիվանդների մասին, այնպես որ նրանք կարող էին այդ տվյալները համադրել նրանց արյան անալիզների տվյալների հետ:
Շվարցբաումը ու նրա գործընկերները վերլուծել էին գլիոմա ունեցող 487 հիվանդների արյան նմուշներ (նրանցից 315 մոտ գլիօբլաստոմա էր) ու 487 առոջղ մարդկանց արյան նմուշներ ՝ ուշադրություն դարձնելով ցիտոկինների՝ այն պրոտեինների վրա, որոնք ակտիվացնում է իմունային համակարգը ՝ ի պատասխան ալերգենների, դրանով իսկ առաջացնելով ալերգիկ ռեակցիա:
Գիտնականները նկատել են, որ գլիոմայի կամ գլիոբլաստոմայի զարգացումից 5 տարի առաջ այդ ալերգիկ պրոտեինների ակտիվությունը նվազում է՝ առողջ մարդկանց համեմատ: Սա կարող է նշանակել, որ աճող՝ թեկուզեւ իրեն դեռ չդրսեւորող ուռուցքը սկսում է ճնշել իմունային համակարգը ու ալերգենների նկատմամբ նրա արձագանքը:
Ճիշտ է պատճառահետեւանքային կապն առայժմ անհայտ է. այսինքն պարզ չէ ՝ արդյոք ալերգիան է ճնշում ուղեղի ուռուցքի աճը, թե ուռուցք ունեցողների օրգանիզմում է ալերգիան ճնշվում: Ամեն դեպքում, այդ պրոտեինների մակարդակով կարելի է սովորել ավելի շուտ ախտորոշել գլիոման ու գլիօբլաստոման:






