Շաքարախտի դեմ դեղորայքը կարող է ազատել ոգելից խմիչքի նկատմամբ կախումից, քանի որ այն նվազեցնում է մեր օրգանիզմի վրա ոգելից խմիչքի ազդեցությունը: Այսինքն դեղամիջոցը ճնշում է ոգելից խմիչք օգտագործելու ցանկությունը մոտավորապես այն նույն ձեւով, ինչպես օրգանիզմը վերահսկում է ուտելու ցանկությունը: Այս մասին պատմում են Սալգրենսկի ակադեմիայի մասնագետները (Գետեբորգ, Շվեդիա):

Խոսքը «Վիկտոզա» դեղամիջոցի մասին է, որի գործող նյութն է լիրագլուտիդը: Այս դեղամիջոցը նշանակում են շաքարախտով կամ ճարպակալումով տառապող հիվանդներին: Այն մարդու գլյուկագոնանման պեպտիդ-1-ի՝ ԳՆՊ-1 հորմոնի անալոգն է ու օգնում է ակտիվացնել դրա ռեցեպտորները, նաեւ մասնակցում է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի արտադրության խթանմանը ու չի ճնշում գլյուկագոնի արտադրությունը:

«Մեր հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ ԳՆՊ-1-ի ֆիզիոլոգիական դերը դուրս է գալիս գլյուկոզայի հոմեոստազի ու սննդի ընդունման վերահսկողության սահմաններից ու ներառում է ոգելիցի նկատմամբ կախման զարգացման մոդուլյացիա»,- ասել է Էլիզաբեթ Ջերլհագը՝ վերոնշյալ Ակադեմիայի աշխատակիցը:

Պարզելու համար ՝ արդյո՞ք սովի զգացումը վերահսկող մեխանիզմն ունակ է նույն ձեւով վերահսկել նաեւ ոգելից խմիչքի գործածումը, գիտնականները մի շարք փորձարկումներ են արել մկների վրա ու պարզել, որ լիրագլուտիդը ճնշում է ոգելիցի ազդեցությունը դոֆամիներգիական համակարգի վրա ( ուղեղի «պարգեւատրման համակարգի» կարեւոր մասը, որը առաջացնում է բավականության զգացում)՝ նվազեցնելով ոգելիցի հաճելի էֆֆեկտը ու անջատելով  խմելու մոտիվացիան: ԳՆՊ-1 հորմոնին նման նյութերը 30-40 տոկոսով նվազեցրել են՝ մի քանի ամիս շարունակ մեծ քանակությամբ ոգելից խմիչք գործածող առնետների կողմից ոգելիցի գործածումը:

Հիմա մշակվում են իսկապես արդյունավետ դեղամիջոցներ, որոնք հիշեցնում են ԳՆՊ -1 հորմոնի գործողությունը: Ինչպես ասում են հետազոտողները, դրանք հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն հարբեցողությունը բուժելու, այլեւ թմրադեղերի ու ծխախոտի նկատմամբ մարդկանց կախումը ճնշելու նպատակով: