Եթե կինը հղիության ընթացքում մալարիայով է վարակվել, ապա հիվանդությունը կարող է ազդել նրա ապագա երեխայի հիշողության ու մտավոր ունակությունների վրա, նախազգուշացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները:

Մալարիան, ինչպես բացատրեցին գիտնականները, փոխում է ապագա երեխաների ուղեղում արյունատար անոթների ձեւավորումը, դրանով իսկ ազդելով նրանց մտավոր գործառույթների վրա:

Նոր հետազոտության մեջ գիտնականները ուսումնասիրել են նորմալ քաշով ծնված, բայց ներարգանդային կյանքում մալարիայի ազդեցությանը ենթարկված մկների մտավոր գործառույթները: Հետազոտողները հայտնաբերել են, որ այն երիտասարդ մկները, որոնք հղիության ընթացքում ենթարկվել են մալարիայի ազդեցությանը, բայց իրենք չեն վարակվել դրանով, ունեին հիշողության ու ընկալման խնդիրներ, նաեւ դեպրեսիվ վարքագիծ էին դրսեւորում, որը պահպանվում էր նաեւ հասուն տարիքում:

Այդ ներյոկոգնիտիվ խանգարումները պայմանավորված էին գլխուղեղի որոշակի մասերում նեյրոմեդիատորների սերոտոնինի, դոպամինի ու նորադրենալինի մակարդակի նվազումով: Ներարգանդային ժամանակաշրջանում մկների արյունատար անոթների վիզուալիզացիայի ժամանակ նույնպես մասնագետները  հայտնաբերել  էին փոփոխություններ երիտասարդ մկների ուղեղի զարգացման գործընթացում:

Նույն ներգործությունը կարող է դիտարկվել նաեւ մարդկանց մոտ, դրա համար էլ գիտնականները կոչ են անում ավելի խորը ուսումնասիրել այս խնդիրը, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում հսկայական քանակությամբ կանանց ՝ հղիության ընթացքում մալարիայով վարակվելու վտանգ է սպառնում:

Այս հետազոտության մասին հայտնում է PLOS Pathogens գիտական ամսագիրը: