Էբոլայի վիրուսը կարող է  բուժումից հետո ավելի քան ինը ամիս մնալ մարմնի առանձին հատվածներում եւ կենսաբանական լուծույթներում։ Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  (ԱՀԿ)։

«Էբոլա  հիվանդությունից բուժվածների կլինիկական մանրամասն դիտարկման եւ հետազոտման արդյունքում հավաքված տվյալների՝ գնալով մեծացող ծավալը  հաստատում է, որ էբոլայի հարուցիչը կարող է ամիսներ շարունակ մնալ որոշ մարդկանց օրգանիզմի տարբեր հատվածներում, այդ թվում՝ աչքերի խորքում, սերմնահեղուկում, պտղային հեղուկում, ընկերքում, կրծքի կաթում եւ կենտրոնական նյարդային համակարգում», - նշվում է ԱՀԿ-ի մամուլի հաղորդագրությունում։ 

Հետազոտության ընթացքում հաստատվել է, որ որոշ տղամարդկանց սերմնահեղուկի վերաբերյալ  Էբոլայի թեստը դրական արդյունք է տալիս բուժվելուց  հետո «9 ամիս ժամկետում եւ ավելի»։ Այդ եզրահանգումն արվել է  էբոլա հիվանդությունից լրիվ բուժված 93 տղամարդու կլինիկական հետազոտման հիմքի վրա։ Բոլոր՝ ինը հիվանդի անալիզները, որոնք վերցվել էին վարակումից երեք ամիս անց, դրական արդյունք են տվել։  Տղամարդկանց կեսից ավելիի մոտ՝ 40-ից 26-ի, որոնք վարակվելուց 4-ից 6 ամիս անց են թեստ անցել, դարձյալ էբոլա է հայտնաբերվել։ Վերջապես, հիվանդների մեկ քառորդի մոտ  (46-ից 11-ի), որոնք վարակվելուց հետո յոթից ինը ամսվա ընթացքում էին թեստ անցել, դարձյալ վարակի հարուցիչներ են հայտնաբերվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։  

ԱՀԿ-ի փորձագետները փորձել են հանգստացնել հանրությանը՝ նշելով, որ  «չնայած հավանական է վիրուսի փոխանցումը սեռական եղանակով, այնուամենայնիվ, դա հազվադեպ է պատահում»։ Չնայած դրան, մասնագետներն այդ մահացու հիվանդությունը վերապրածներին կոչ են անում   «ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից կամ էլ պահպանակ օգտագործել», ինչպես նաեւ ուշադիր հետեւել  հիգիենային։ 

Էբոլա հիվանդության համաճարակը Արեւմտյան Աֆրիկայում սկսվել է  2014 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր վտանգավոր հիվանդությունից ավելի քան  11,3 հազար մարդ է մահացել, իսկ վարակվածների թիվը 28,5 հազար է։