MassBiologics բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականների խումբը մի պատվաստանյութ է մշակում, որը կկարողանա մարդուն պաշտպանել Լայմի հիվանդությունից: Պատվաստանյութի հիմքում լինելու է Pre-Exposure-Prophylaxis (PrEP)-ը, որն արդեն օգտագործվում է որոշ հիվանդություններից պաշտպանվելու համար:

Լայմի հիվանդությունը, կամ տիզային բորելիոզը, ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է վարակված տիզերի միջոցով: Լայմի հիվանդության զարգացման սկզբնական շրջանում շատերը տիզի կծած տեղում տարբերակիչ շրջանաձեւ ցան են ունենում, որը որպես կանոն կծելուց հետո 3-30 օր պահպանվում է: Ոմանք նաեւ զգում են գրիպանման ախտանիշներ՝ հոգնածության, մկանացավերի, հոդացավերի, գլխացավերի, տենդի ու դողէրոցքի նման:

Եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի՝ մի քանի շաբաթվա, ամվա կամ նույնիսկ տարվա ընթացքում կարող են ավելի լուրջ ախտանիշներ զարգանալ՝ այդ թվում  հոդերի ցավ ու այտուցվածություն, նյարդային համակարգին վերաբերող խնդիրներ՝ այդ թվում վերջույթների թմրածություն ու ցավեր, դիմային ներվի կաթված, հիշողության ու ուշադրության խնդիրներ: Լայմի հիվանդությունը կարող է դառնալ նաեւ սրտի խնդիրների՝ օրինակ միոկարդիտի ու սրտային անբավարարության պատճառ:

Գիտնականները ստուգել են ավելի քան 90 մոնոկլոնային հակամարմիններ ու չորս օր ուսումնասիրել են, թե որքան արդյունավետորեն են դրանք սպանում մանրէներին: Չորսիս երկու հակամարմինն ընտրվել է բնական պայմաններում հետագա ուսումնասիրության համար, դրանք կարողացել են կանխել մկների վարակումը՝ նրանց վարակված տիզեր ներարկելուց հետո:

Այսպիսով,  մասնագետները համարում են, որ հակամարմինները կկարողանան ապահովել՝ տիզերի գենոտեսակների լայն սպեկտրով առաջացած Լայմի հիվանդության կանխարգելումը: Հիվանդները հակամարմինների ներարկումներ կստանան գարնանը ու այդ պաշտպանությունը կտեւի 6 ամիս, երբ Լայմի հիվանդությունը փոխանցող տիզերը, առավել ակտիվ են լինում: Այս պահին գիտնականները փորձ են իրականացնում՝ ինֆեկցիայից երկարաժամկետ պաշտպանության համար անհրաժեշտ պատվաստանյութի նվազագույն չափաբաժինը ճշտելու համար: